Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը չորս ամսով երկարաձգեց «Մարտի 1»-ի հանձնաժողովի գործունեության ժամկետը


Ազգային ժողովը այսօր ընդունեց մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկը հանձնաժողովի գործունեության ժամկետը չորս ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 84, դեմ` 5, ձեռնպահ` մեկ պատգամավոր:

Ըստ ընդունված որոշման` հանձնաժողովի գործունեության հավելյալ ժամկետ է սահմանվել հոկտեմբերի 25-ից մինչեւ 2009 թվականի փետրվարի 25-ը:

Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված փաստահավաք խմբի ստեղծմանը, ապա Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Աշխատանքները գնացել են նախագահի հրամանագրով ստեղծելու ուղղությամբ, եւ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Չեմ կարծում, որ դա ուշանում է, ամեն ինչ կլինի իր ժամանակին: Շատ շուտով դա կստեղծվի: Արդեն բոլոր կողմերի հետ համաձայնությունը կա»:

Նա պարզաբանեց, որ «բոլոր կողմեր» ասելով` նկատի ունի նաեւ թե’ խորհրդարանական եւ թե’ արտախորհրդարանական ընդդիմությանը. - «Ես նրանց հրապարակավ ելույթներից հասկացել եմ, որ նրանք մասնակցություն են ունենալու»:

«Մինչեւ նոյեմբերի վերջ կստեղծվի՞ փաստահավաք խումբը», - այս հարցին «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը արձագանքեց. - «Իհարկե, խոսքը ինչի՞ մասին է: Ես չեմ կարծում, որ այդքան ուշ կլինի դա»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG