Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Անվտանգության ծառայությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի ամենաարդյունավետ մարմիններից է»


Անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների (ԱՀԾՄ) ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի առավել գործունյա եւ արդյունավետ մարմիններից մեկն է: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով խորհրդի նիստի մասնակիցների պատվիրակությանը:

Նախագահի խոսքերով` աշխարհը շատ արագ փոխվում է, առաջ են գալիս նոր իրողություններ ու մարտահրավերներ, եւ դրա հետ մեկտեղ` փոխվում են նաեւ անվտանգության ծառայության մարմիններին ներկայացվող պահանջները:

Նման բազմակողմ հանդիպումները գնահատելով չափազանց օգտակար` Սերժ Սարգսյանը դրանք կարեւոր է համարել տեղեկատվության, փորձի փոխանակման, վտանգավոր երեւույթների դեմ համատեղ գործողությունների մշակման ու իրականացման տեսանկյունից:

Ըստ նրա` անվտանգության մարմինների կանոնավոր շփումները նպաստում են առկա սպառնալիքներին համահունչ միջոցառումների մշակմանն ու իրագործմանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ԱՊՀ-ի երկրների ԱՀԾՄ-ի ղեկավարների խորհրդի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար գեներալ Ալեքսանդր Բորտնիկովը ներկայացրել է խորհրդի հոբելյանական 25-րդ նիստի ընթացքում քննարկված հարցերը:

Նշվել է, որ դրանք հիմնականում հակաահաբեկչական բնույթի են, եւ նպատակն է ապահովել համակարգված գործողություններ եւ գործակցության բարձր մակարդակ:

Արդյունավետ աշխատանքի համար կարեւորվել է համապատասխան նորմատիվաիրավական դաշտի ձեւավորումը:

ԱՊՀ-ի անվտանգության եւ հատուկ ծառայությունների մարմինների (ԱՀԾՄ) ղեկավարների խորհրդի նիստը կայացել է երեկ Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG