Մատչելիության հղումներ

Շվեյցարական դատարանը երեք թուրքերի դատապարտեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար


Շվեյցարական դատարանը այսօր երեք թուրքերի մեղավոր է ճանաչել ռասայական խտրականության մեջ` Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար:

Թուրք աշխատավորների կուսակցության Եվրոպայի ներկայացուցիչ Ալի Մերջանի նկատմամբ Վինտերտուրի շրջանային դատարանը սահմանել է 4,5 հազար շվեյցարական ?ֆրանկի կամ 3,9 հազար դոլարի տուգանք, եւս երկու թուրքերի նկատմամբ ռասայական խտրականությանը հանցակցության մեղադրանքով սահմանվել է 3,6-ական հազար շվեյցարական ?ֆրանկի տուգանք:

Անցած տարվա հունիսին տեղի ունեցած մի ցույցի ժամանակ Մերջանը ժխտել էր Հայոց ցեղասպանության իրողությունը: Մյուս երկու թուրքերը ցույցի համակազմակերպիչներն էին:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` դատավարության ժամանակ բոլոր երեքը հայտարարել են, թե պատրաստ են ցանկացած ժամանակ նոր ցույց կազմակերպել եւ նույնը պնդել:

Շվեյցարական օրենքը արգելում է որեւէ ցեղասպանության, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը:

Շուրջ մեկեւկես տարի առաջ Լոզանի դատարանը Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար պայմանական ազատազրկում եւ դրամական տուգանք էր սահմանել Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG