Մատչելիության հղումներ

Freedom House. «Ադրբեջանի ընտրություններում նորից երեւաց ժողովրդավարության պակասը»


Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ընտրությունների նախնական գնահատականում քվեարկության ավտորիտար բնույթին անդրադառնալու փոխարեն ԵԱՀԿ-ն գերադասել է նշել տեխնիկական բարելավումը:

«Ադրբեջանի ընտրություններում նորից երեւաց ժողովրդավարության պակասը: Բազում թերություններով անցկացված եւ ընդդիմության հիմնական ուժերի կողմից բոյկոտի արժանացած ընտրություններում Իլհամ Ալիեւի շահած քվեների ավելի քան 88 տոկոսը վառ ապացույն է այն իրողության, որ անցած 5 տարում երկրում տեղի է ունեցել հիմնարար ազատությունների անկում», - երեկ հայտարարել է Freedom House-ը:

«Նույնիսկ լավագույն ընտրական ընթացակարգը` մի բան, որն, ի դեպ, չտեսանք Ադրբեջանում, անիմաստ է մի երկրում, որտեղ խաղի կանոններն այդքան աղավաղված են», - ընդգծել է Freedom House-ի Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար Ջեֆ Գոլդշտեյնը եւ հավելել. - «Խաղի արդյունքը կեղծված է, որովհետեւ կառավարությունը խիստ սահմանափակումների է ենթարկել անկախ մամուլը, որովհետեւ իշխող կուսակցությունն անսահման կերպով կիրառել է վարչական լծակները եւ ճնշում է բանեցրել ընտրող պետական ծառայողների ու զինվորների վրա»:

«Հաշվի առնելով անկախ ձայները լռեցնելու գործոնը` շատ դժվար է այդ ընտրություններում գտնել ինչ-որ «նշանակալի առաջխաղացում», ինչպես ԵԱՀԿ-ն է արել», - հայտարարել է Freedom House-ի հետազոտությունների բաժնի տնօրեն Քրիսթոֆեր Ուոքերը:

Freedom House-ը երեկվա հաղորդագրությունում նշում է. - «Ադրբեջանում հոկտեմբերի 15-ի քվեարկությամբ շարունակվեց Հարավային Կովկասում խնդրահարույց ընտրությունների միտումը: Ադրբեջանի հարեւան երկրներում` Վրաստանում եւ Հայաստանում եւս այս տարի տեղի ունեցան ընտրություններ, որոնք չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:

Իրավապաշտպան կազմակերպությունը նաեւ նշում է, որ 2008-ին իր անցկացրած «Ազատությունն աշխարհում» եւ «Մամուլի ազատությունը» հետազոտություններում Ադրբեջանը «ոչ ազատ» երկիր է ճանաչվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG