Մատչելիության հղումներ

«Ժառանգության» նախագծերը խորհրդարանի օրակարգում չընդգրկվեցին


Ազգային ժողովն այսօր մերժեց նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի եւ քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայացրած նախագծերը, որոնցով առաջարկվում էր վերացնել կամ փոփոխել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորված պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի եւ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի խափանման միջոց կալանքը:

Արմեն Մարտիրոսյանն առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել այն որոշումը, որի համաձայն, ընդառաջելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությանը, խորհրդարանը թույլ էր տվել կալանավորել պատգամավորներին:

«Հստակ հասկանալի է, որ սա քաղաքական պատվեր է ընդամենը, ուստիեւ քաղաքական համապատասխան արձագանք է գտել իմ կողմից, եւ ես առաջարկել եմ որոշումը ուժը կորցրած ճանաչել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարտիրոսյանը:

Իսկ Ստեփան Սաֆարյանը առաջարկում էր փոփոխություն կատարել Ազգային ժողովի որոշման մեջ, որով հնարավոր կլիներ փոփոխել պատգամավորների խափանման միջոցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սաֆարյանը, քանի որ նախաքննությունը ավարտված է, իր կարծիքով` պատգամավորները չեն խոչընդոտի դրա ընթացքին, ուստի նրանց անհրաժեշտ է ազատ արձակել:

«Ժառանգության» առաջարկներից եւ ոչ մեկը չընդունվեց` անհրաժեշտ թվով կողմ ձայներ չստանալու պատճառով:

Հանրապետականների մեծ մասը չէին մասնակցում այս քվեարկություններին: «Օրինաց երկիր», Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները կամ ձեռնպահ էին քվեարկում, կամ չէին մասնակցում քվեարկություններին:

Ազգային ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը նախագծերին կողմ քվեարկեց:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG