Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Եվրատլանտյան դաշինքի հետ գործակցությունը Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մասն է»


Եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին:
Ըստ Սերժ Սարգսյանի, Եվրատլանտյան դաշինքի հետ գործակցությունը շարունակվելու է` Հայաստանն այն դիտում է որպես իր անվտանգության բաղկացուցիչ մաս:

Ռոբերտ Սիմոնսը Հայաստանի նախագահին է փոխանցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի ողջույնները: Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընթացքը գնահատել է շատ բարեհաջող եւ նշել, որ լավ նախապայմաններ կան հարաբերությունների զարգացման համար:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանն ընդհանուր գծերով ներկայացրել է հայկական կողմի տեսակետը Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ:

Ռոբերտ Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում եւ պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունն ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին այսօր ընդունել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կիրակի օրը Ռոբերտ Սիմոնսը հանդիպել էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ նախարարը, մասնավորապես, ընդգծել է, որ Իրաքից հայկական խաղաղապահ զորախմբի դուրս բերումը որեւէ քաղաքական ենթատեքստ չունի. այս քայլին նպաստել է Իրաքի իշխանությունների հայտարարությունը, որ իրենք ի վիճակի են վերահսկել իրադրությունը երկրում:

Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել երեկ:

Այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի, Ազգային ժողովի ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի եւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Պատվիրակությունը մասնակցելու է Հայաստանում տեղի ունեցող «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» ՆԱՏՕ-ի եւ Եվրատլանտյան համագործակցության խորհրդի ձեւաչափով զորավարժության եզրափակիչ միջոցառումներին:

Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակության այցը կավարտվի հոկտեմբերի 21-ին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG