Մատչելիության հղումներ

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը շաբաթ օրը որոշում է կայացրել Հայաստանին կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու մասին։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը անդամակցության վերաբերյալ Հայաստանի դիմումն արվել էր 2008 թվականի ապրիլին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ապրիլի 22-ին Փարիզում հանդիպելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին, վերահաստատել էր Հայաստանի մտադրությունը` առավել խորացնելու ներառնվածությունը կազմակերպության գործունեության մեջ: Դրան հաջորդել էին Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի եւ Նախարարական նստաշրջանի հավանությունները, այնուհետեւ` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հոկտեմբերի 15-ին կայացրած որոշումը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Նախարարական 24-րդ նստաշրջանը եւ կազմակերպության անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների 12-րդ գագաթնաժողովը տեղի են ունեցել հոկտեմբերի 15-18-ը Քվեբեկում` 70 երկրների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուի մասնակցությամբ։ Հայաստանը ներկայացնում էր եւ համաժողովին ելույթով է հանդես եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Քվեբեկյան գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության նախագահությունը Ռումինիայից փոխանցվել է Կանադային՝ երկու տարի ժամկետով։

Գագաթնաժողովի շրջանակներում, Էդվարդ Նալբանդյանը եւ Մոնակոյի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանկ Բիանկերին ստորագրել են համատեղ արձանագրություն` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Քվեբեկում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Կանադայի տարածքային կառավարման, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարար Լորանս Քենոնի հետ։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Կանադա կատարած այցի ընթացքում Էդվարդ Նալբադյանը հանդիպել է նաեւ կանադահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։


(Լուսանկարը` արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG