Մատչելիության հղումներ

Ակնկալվում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում


Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում է ակնկալվում:

Ադրբեջանի նախագահը այլեւս ներքաղաքական լուրջ խնդիրներ չունի իր առջեւ դրված եւ այժմ կարող է լիարժեք մասնակցել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին: Իսկ այդ գործընթացից ակնկալիքները նորից մեծացել են: Դժվարին փոխզիջումների գնալը այժմ համեմատաբար հեշտ է, քանի որ այդ հարցի շուրջ շահարկումները ներքաղաքական մեծ վտանգ չեն պարունակում:

Այսօրվանից սկսվում է դիվանագիտական նոր շրջափուլ: Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը Երեւանում սկսում է իր բանակցությունները Հայաստանի ղեկավարների հետ, իսկ մի քանի օր անց` հոկտեմբերի 20-ին, Երեւան է ժամանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան կարգավորումը լինելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Դենիել Ֆրիդի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցությունների օրակարգի գլխավոր հարցերից մեկը:

Ընդդիմությունը հավատացած է, որ Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան հենց Ղարաբաղի հարցով:

Հայ եւ ադրբեջանցի փորձագետների շրջանում այժմ ենթադրություններ կան, որ Ռուսաստանը Վրաստանի հետ պատերազմից հետո ցանկանում է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ այժմ փորձելու է կողմերին համոզել` գնալ դժվարին փոխզիջումների, ինչը ենթադրում է նաեւ, որ Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները Ադրբեջանին:

Ռուս - վրացական պատերազմից հետո ռուսական արտաքին քաղաքականությունը զգալիորեն կոշտացել է, եւ չի բացառվում, որ պաշտոնական Մոսկվան դիվանագիտական հորդորներից կարող է անցնել նաեւ կոշտ ճնշման:

Մոսկվան չի թաքցնում, որ գոհ է ռուս - վրացական պատերազմի օրերին Ադրբեջանի ղեկավարության հավասարակշռված դիրքորոշումից:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանից ելցինյան ժամանակների հայամետ կեցվածք, հավանաբար, պետք չէ ակնկալել: Մոսկվան ամենեւին ցանկություն չունի Վրաստանը կորցնելուց հետո կորցնել իր ազդեցությունը նաեւ Ադրբեջանում: Միաժամանակ, Ռուսաստանի ղեկավարությունը կփորձի նաեւ չփչացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարին, ապա այսօր Երեւանում սկսվող իր բանակցություններում ղարաբաղյան հարցից բացի Դենիել Ֆրիդը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի նաեւ ընդդիմության հետ երկխոսության գնալու եւ ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու հարցերը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG