Մատչելիության հղումներ

Գեւորգ Մանուկյանը ենթարկվում է բժշկական հետազոտության


Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով` զանգվածային անկարգություններին անմիջականորեն մասնակցելու մեջ մեղադրվող Գեւորգ Մանուկյանը:

Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Մանուկյանին հիվանդանոց տեղափոխելու իր միջնորդությունը Երեւանի Քրեական դատարանը բավարարել էր սեպտեմբերի 16-ին, իսկ մեկ ամիս ուշացումով դատարանի որոշումը կատարելը փաստաբանը կապեց փաստաթղթերի ձեւակերպման հետ:

Գեւորգ Մանուկյանը, ում մոտ կասկածում են գլխի հետ կապված հիվանդություն, այսօր ենթարկվել է բժշկական հետազոտության, ապա կրկին տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ըստ պաշտպանի, նրա հիվանդության ախտորոշման համար պահանջվում են երկարատեւ ստուգումներ, եւ նա հաջորդ երեքշաբթի պետք է նորից տեղափոխվի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ` Մանուկյանն իր դատավարության ժամանակ մի քանի անգամ ուշաթափվել է, հարկ է եղել շտապօգնություն կանչել:

Երեւանի քրեական դատարանում Մանուկյանի գործով սպասվում է մեղադրական ճառը: Նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Գեւորգ Մանուկյանը ձերբակալվել է մայիսի 12-ին:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG