Մատչելիության հղումներ

Օբամա - ՄըքՔեյն վերջին հեռուստաբանավեճը ամենաթեժն էր եւ առատ էր սուր հարցադրումներով


Երեկ երեկոյան Նյու Յորքից ոչ հեռու` Lոնգ Այլենդում տեղի ունեցած Բարաք Օբամա - Ջոն ՄըքՔեյն վերջին` երրորդ հեռուստաբանավեճը, ըստ ամերիկացի վերլուծաբանների, ամենաթեժն էր եւ առատ էր սուր հարցադրումներով:

Քննարկման հիմնական թեման դարձավ ֆինանսական ճգնաժամը, որից դուրս գալու ուղիները Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական ու դեմոկրատ թեկնածուները տարբեր կերպ են պատկերացնում: Օբաման առաջարկում է հրաժարվել գործազրկության նպաստների հարկման պրակտիկայից, ինչպես նաեւ առաջիկա ամիսներին դադարեցնել չմարված վարկերի դիմաց տների առգրավումը: ՄըքՔեյնի նախագծի հիմքը ոչ թե սոցիալական միջոցներն են, այլ հարկերի նվազեցումը:

Բանավեճի ընթացքում թեկնածուները պարբերաբար անցում էին անձնական մեղադրանքների:

Երբ Օբաման հերթական անգամ խստորեն քննադատեց Բուշի վարչակազմի վարած տնտեսական քաղաքականությունը` ՄըքՔեյնը հակադարձեց. - «Ես նախագահ Բուշը չեմ: Եթե դուք ցանկանում էիք նրա դեմ պայքարել, ապա պետք է առաջադրված լինեիք չորս տարի առաջ»:

Օբաման, իր հերթին, հայտարարեց. - «Առանցքային տնտեսական հարցերում` լիներ դա հարկային վարչարարություն, էներգետիկ քաղաքականություն թե պետական ծախսեր` այս բոլոր հարցերում դուք եղել եք նախագահ Բուշի վճռական կողմնակիցը»:

Դեմոկրատ թեկնածուն իր մրցակցին եւ հատկապես փոխնախագահի հանրապետական թեկնածուին` Սառա Փեյլինին մեղադրեց անազնիվ եւ ոչ կոռեկտ մրցակցություն ծավալելու մեջ:

«Հանրապետականների նախընտրական հանրահավաքների ընթացում շատ հաճախ, երբ հնչեցվում է իմ անունը, ձեր կողմնակիցները սկսում են գոռալ` «ահաբեկիչ», «սպանեք դրան»: Փոխնախագահի ձեր թեկնածուն ոչ մի անգամ չփորձեց սաստել նման արտահայտություններով հանդես եկողներին», - ընդգծեց Օբաման:

Բանավեճից հետո անցկացված հարցումները վկայում են, որ այս անգամ էլ Բարաք Օբաման համոզիչ առավելության հասավ: CNN-ի անցկացրած հետազոտության համաձայն`ամերիկացիների 58 տոկոսը համոզված է, որ հեռուստաբանավեճում հաղթել է Օբաման, 31 տոկոսը` որ հաղթել է ՄըքՔեյնը:

CBS News-ի հարցման արդյունքներով`ամերիկացիների 53 տոկոսն ավելի համոզիչ է համարում Օբամայի պահվածքը, իսկ ՄըքՔեյնին որպես բանավեճի հաղթող է ընկալել հարցված ամերիկացիների 22 տոկոսը միայն:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG