Մատչելիության հղումներ

«Հայաստան» hիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնը մեկնարկեց «Հայփոստ»-ի բաժանմունքում


Այսօր Երեւանի Հանրապետության հրապարակի Նալբանդյան 28 հասցեում` «Հայփոստ» ընկերության թիվ 10 փոստային բաժանմունքում, տրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք մարաթոնի պաշտոնական մեկնարկը:

Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը եւ «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հանս Բոոնը հրապարակավ վավերացրել են «Համագործակցության հուշագիրը»:

Այս անգամ մարաթոնի սկիզբը նշանավորվում է նվիրատվությունների նոր, հեշտացված կարգի ներդրմամբ, որի շնորհիվ մինչեւ տարեվերջ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել Հայաստանի եւ Արցախի գյուղերի զարգացմանն ուղղված դրամահավաքին` համապատասխան ներդրումները փոխանցելով «Հայփոստ»-ի բաժանմունքների միջոցով:

«Մենք մտածել ենք, որպեսզի ստեղծենք հեշտ հնարավորություն բոլոր մարդկանց համար, որպեսզի կարողանան մասնակցել: Լինի դա 10 դրամ, լինի 1000 դրամ, լինի 100 հազար դրամ կամ 1 միլիոն դրամ` նպատակային է, որպեսզի մեր հայրենակիցները հեշտությամբ կատարեն այդ նվիրատվությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արա Վարդանյանը:

Առաջիկայում «Հայփոստ»-ը իրականացնելու է նաեւ իրազեկման թերթիկների մեծածավալ առաքում եւ տեղադրելու է համատեղ քարոզարշավին նվիրված տեղեկատվական պաստառներ` Հայաստանի ամբողջ տարածքով սփռված իր 885 փոստային բաժանմունքներում եւ 41 հենակետերում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված հաղորդագրության համաձայն` գործունեության 17 տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է շուրջ 185 միլիոն դոլարի ծրագրեր` «մշտապես կարեւորելով հայրենիքում եւ սփյուռքում բնակվող շուրջ 250 հազար նվիրատուների տրամադրած ամեն մի դրամը»:

Հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2008»-ը կանցկացվի ընթացիկ տարվա նոյեմբերի 27-ին Լոս Անջելեսում:

Արա Վարդանյանի խոսքերով` այսօր մեկնարկող դրամահավաքը կապված է հենց հեռուստամարաթոնի հետ. - «Հեռուստամարաթոնի ընթացքում արդեն մենք կհայտարարենք, թե ինչքան գումար է հավաքվել Հայաստանում փոքր եւ միջին նվիրատվությունների հաշվին: Իհարկե, նաեւ լինելու են մեծ նվիրատվություններ, բայց այս պահին ասել, թե ինչքան գումար կհավաքագրվի այս ակցիայի շրջանակում` դժվարանում եմ»:

Այս տարվա հանգանակությունները, ըստ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատարի, կուղղվեն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրին, որը հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից. - «Կներառեն դպրոցների շինարարություն, մանկապարտեզներ, ջրատարներ, հիվանդանոցներ, այսինքն` շատ լայնածավալ ծրագիր է, եւ ինչքանը մենք կկարողանանք իրագործել` իրոք, կախված է մեր հայրենակիցների մասնակցությունից»:

Հիմնադրամն ամենամյա հեռուստամարաթոնը կազմակերպում է սկսած 1996 թվականից: Ամբողջ աշխարհում մարաթոնի հեռարձակմանը հնարավորություն ունեն հետեւելու ավելի քան 50 միլիոն ընտանիքներ, որոնցից 40 միլիոնը` ԱՄՆ-ում:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG