Մատչելիության հղումներ

Ոստիկանները արգելեցին հոկտեմբերի 17-ի հանրահավաքի երթ-իրազեկումը


Երեքշաբթի երեկոյան ժամը 19-ի սահմաններում Երեւանի կենտրոնում` «Մեղեդի» սրճարանի հարեւանությամբ, միջադեպ է տեղի ունեցել ոստիկանության եւ հոկտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսի կողմից հրավիրվող հանրահավաքի երթ-իրազեկման մասնակիցների միջեւ:

«Օրենքով սահմանված մենք միջոցառում էինք իրականացնում` իրազեկման, մենք այն իրականացնում էինք բարձրախոսով, միջոցառմանը մասնակցում էր 20-30 հոգի, այսինքն` օրենքով սահմանվում է, որ մինչեւ 100 հոգի կարող է նման միջոցառում կազմակերպել` առանց իրազեկելու համապատասխան կառույցներին: Մեզ կանգնեցրեց ոստիկանների խումբը` փոխգնդապետ Օսիպյանի գլխավորությամբ, եւ պարզապես արգելեց իրականացնել մեր միջոցառումը: Ոչ մի հիմնավորում չի բերված, ոչ մի օրենքով դա չի սահմանվում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երթի մասնակից` Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

Նա հաստատեց, որ քաշքշուկ եղել է. - «Այո, բավականին կոպիտ: Սկզբից բանակցությունները շատ նորմալ էին ընթանում, նորմալ` այնքանով, որ մեզ պարզապես արգելում էին մեր գործողությունը իրականացնել, այնուհետեւ կանչվեցին կարմիր բերետավորները, որոնք կոպիտ, քաշքշելով սկսեցին այդ 20-25 հոգուն ցրել»:

Կարապետյանի փոխանցմամբ` երթի որեւէ մասնակից բերման չի ենթարկվել:

Երթի մասնակիցներից Նարեկ Հովակիմյանն էլ պատմեց, թե ինչպես քաղաքացիական հագուստով չորս ոստիկաններ փորձում էին իրենից խլել բարձրախոսը, եւ ի վերջո հաջողեցին. - «Տեսա, որ իմ հետեւից ոստիկաններ են գալիս, մտածեցի, որ կարող է բարձրախոսը իմ ձեռքից, ինչպես եղել է մի անգամ, խլեն, տվեցի իմ ընկերներին` երեք հոգու, որ շուտ հասցնեն մոտակա վայր, որտեղ արդեն անվտանգ կլինի: Ես վերադարձա, տղաներին ճանապարհին նորից նույն քաղաքացիական հագուստով երիտասարդները մոտեցել են, միանգամից անակնկալ հարձակվել են, խլել են նրանց ձեռքից բարձրախոսը եւ արագ փախել են»:

Բավական արագ դեպքի վայր ժամանեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Նրանցից մեկի` Արմեն Մաշինյանի վկայությամբ, ոստիկանները իրենց հետ զրույցում պարզաբանել են, թե երթի մասնակիցներին «փոքր-ինչ այն կողմ» են հրավիրում, որպեսզի մայթերին կուտակումներ չլինեն, երթեւեկությունը չխախտվի:

Ոստիկանության պահակապարետային ծառայության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը որեւէ մեկնաբանությունից հրաժարվեց:

Այդուամենայնիվ, երբ երթի մասնակիցներին հաջողվեց անհետացած բարձրախոսի փոխարեն գտնել նորը, ոստիկանությունը երթը կրկին արգելեց:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը այսօր հայտարարություն է տարածել երեկվա միջադեպի առնչությամբ: Արձանագրելով, որ «արտոնված հանրահավաքի իրազեկման համար կազմակերպված երթը խոչընդոտվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից», օմբուդսմենի գրասենյակը ոստիկանությանը հորդորում է «գործել Սահմանադրությանը ու օրենքներին համապատասխան եւ չսահմանափակել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները»:

Այսօր երեկոյան, սակայն, ոստիկանները փորձում են ուժով ցրել Հյուսիսային պողոտայում հավաքված ավելի քան 100 ընդդիմադիրներին:

«Լինենք տերը պետության» երիտասարդական-ուսանողական շարժման ղեկավար Արմեն Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրավապահներն իրեն ծեծի են ենթարկել, երբ փորձում էր պաշտպանել Հյուսիսային պողոտայում ի պաշտպանություն «քաղբանտարկյալների» ակցիա անցկացնող կանանց, ապա բերման են ենթարկել ոստիկանություն եւ մոտ 20 րոպե այնտեղ պահելուց հետո ազատ արձակել:

«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը նույնպես, իր իսկ վկայությամբ, բռնության է ենթարկվել իրավապահների կողմից:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG