Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նախագահական ընտրություններ են


Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ են անցկացվում, քվեարկությունը արդեն սկսվել է: Առաջադրված է 7 թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիեւը: Փորձագետները կանխատեսում են Ալիեւի անվիճելի հաղթանակը:

Հիմնական ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները: Մասնավորապես, «Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե «սա ընտրություն չէ, սա տրագիկոմեդիա է». - «Ողբերգություն է, որովհետեւ Ալիեւի ռեժիմը Ադրբեջանի ժողովրդին զրկում է իր իշխանությունը, իր նախագահին ընտրելու իրավունքից, իսկ կատակերգություն է, որովհետեւ իշխանությունները ընտրությունների իմիտացիա են ստեղծում, եւ որոշ դիտորդներ փորձում են խաղալ իշխանությունների խաղը եւ ձեւացնում են, թե իրոք ընտրություններին նմանվող ինչ-որ բան է կատարվում: Իսկ մենք չենք ցանկանում մասնակցել այդ տրագիկոմեդիային»:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիեւի մեկնաբանությամբ, լրագրողների համար ընտրությունները դժվարին կլինեն` հետաքրքրության առումով. - «Ընտրողները թվում են ձանձրացած, իրական ընդդիմադիր թեկնածու չկա, եւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը մեծ քարոզարշավ չի տարել` դրա կարիքը չկար»:

Ընտրություններից առաջ կառավարության նիստում Ալիեւի ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով: Նա ասել է, թե իր նախագահության 5 տարիներին 8-միլիոնանոց բնակչություն ունեցող Ադրբեջանում 741 հազար աշխատատեղ է բացվել, որ հիմա շատ աշխատատեղ կա, միայն ծույլերը չեն աշխատում, ովքեր ցանկանում են նպաստով ապրել, օլիմպիական չափանիշներին համապատասխանող 24 մարզական կառույց է բացվել, 1600 նոր դպրոց է բացվել: Այդ նիստում նա նաեւ հայտարարել է, թե «քանի դեռ Հայաստանը չի ազատել մեր տարածքները, Ադրբեջանը կշարունակի Հայաստանի տոտալ մեկուսացման քաղաքականությունը»:

Իշխող կուսակցության փոխնախագահ Ալի Ահմադովի խոսքերով` գործող նախագահը հաղթելու մեծ շանսեր ունի, նա մեծ վարկանիշ ունի բնակչության շրջանում:

Փորձագետները նշում են, որ կան թեկնածուներ, որոնք առաջադրվել են իբր այլընտրանք ցույց տալու համար, կան նույնիսկ իշխանամետ թեկնածուներ: Այնուամենայնիվ, նրանք որպես ընդդիմություն առանձնացնում են թեկնածուներից մեկին` Իղբալ Աղազադեին, որը «Ռոյթերզ» գործակալությանը ասել է` իսկ ինչո՞ւ ինքը չպետք է հաղթանակ ակնկալի:

«Բազմաթիվ մարդիկ կան, որոնք այս իշխանություններին դեմ են, այդ իսկ պատճառով ես հաղթանակի մեծ հույսեր ունեմ», - հայտարարել է Աղազադեն:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG