Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը եւ «Վիվասել»-ը ողջունում են երրորդ օպերատորի մուտքը Հայաստանի բջջային կապի շուկա


Հայաստանի բջջային կապի շուկա երրորդ օպերատորի` France Telecom-ին պատկանող Orange ընկերության մուտքը սկզբունքորեն ողջունելի է, սա դրական փոփոխություններ է ենթադրում, առաջին հերթին, բաժանորդների համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:

«Մրցակցությունից վախենալը մեր ոճը չէ, այնպես որ, մենք պատրաստ ենք մրցակցությանը եւ չենք նստելու գրասենյակներում ու դողալու, թե տեսեք` երրորդ օպերատորն է գալիս», - նշեց Նեյչո Վելիչկովն ու հավելեց. - «Մենք շատ լավ վիճակում ենք եւ պատրաստվում ենք ապացուցել, որ շատ արագ ձերբազատվելու ենք այն իմիջից, որ ցավոք, կուտակել էինք վերջին տարիներին: Բոլորին ցույց կտանք, որքան լավ կարող է աշխատել «ԱրմենՏել»-ը»:

«Վիվասել»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես ողջունում է Orange-ի մուտքը, ինչը, ըստ նրա, ավելի հետաքրքիր կդարձնի պայքարը բջջային կապի շուկայում:

«Մենք ծրագրեր ունենք, բայց կսպասենք` թող մտնեն շուկա, թող սկսեն գործունեություն, նայենք` իրենց ոճը, մոտեցումը ինչպիսին է լինելու, եւ այս առումով մենք հաշվի կառնենք ու կընտրենք, թե որ ծրագիրը կամ որ պլանը մեր սիստեմայի մեջ կմտցնենք ու, հետեւաբար, կպատասխանենք երրորդ օպերատորին, կամ, երեւի ավելի ճիշտ կլինի` թե ինչպես կմրցակցենք: Բայց մենք նախապատրաստական աշխատանքը տարել ենք, պատրաստ ենք», - ասաց Յիրիկյանը:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ «երրորդի աշխատանքն էլ դժվար է լինելու, պայքարը ուժեղ պետք է լինի, որ կարողանա բավական դիրքեր գրավել շուկայում»:

Բաժանորդային բազայի հնարավոր կրճատման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Նեյչո Վելիչկովը պատասխանեց, թե «ԱրմենՏել»-ի ռազմավարությունը բաժանորդների քանակը ավելացնելն է, ոչ թե մտածելը հնարավոր կորուստների մասին. - «Մեր ռազմավարությունը շուկայում առաջատար լինելն է, իսկ կունենանք բաժանորդների հոսք, թե ոչ` կախված է միմիայն մեր քայլերից: «ԱրմենՏել»-ի ծրագրերի մեջ է մտնում լավ արդյունքների հասնելու համար աշխատանքների հետեւողական շարունակումը: Դրանից հետո պարզ կդառնա` իրականո՞ւմ Orange ընկերությունն ուժեղ է, թե՞ հենց այնպես է շուկայում հայտնվել»:

Համապատասխանաբար 655 եւ 1 միլիոն 660 հազար բաժանորդներ ունեցող «ԱրմենՏել» եւ «Վիվասել» ընկերություններում համարում են, որ բջջային կապի շուկան գրեթե 80 տոկոսով հագեցած է, սակայն դրա անխուսափելի վերաձեւավորումը տեղի չի ունենա ծառայությունների սակագնի իջեցման հաշվին:

«ԱրմենՏել»-ում, մասնավորապես, սակագնային պլանների կտրուկ անկումը քիչ հավանական են համարում, նշելով, թե ընկերության առաջարկած գները չափազանց մրցունակ են ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային շուկայում: Բացի այդ, Orange-ի հայտարարած 200 միլիոն եվրոյի ներդրումային ծրագիրը ինքնին նշանակում է, որ գոնե գործունեության սկզբում ֆրանսիական ընկերության համար ցածր գները տնտեսապես կլինեն ոչ ձեռնտու:

«Վիվասել»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւս համոզված է, թե Orange-ի համար ծառայությունների ինքնարժեքից զգալիորեն ցածր գին առաջարկելը ամենաճիշտ ուղին լինել չի կարող. - «Դեմպինգային գները` սխալ քաղաքականություն կլինի, որովհետեւ եթե իրենք ուզենան դեմպինգ անել` մենք էլ դեմպինգ կանենք, դա իրենց օգուտ չի տա: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ իրենք ավելի նոր գաղափարներով, նոր առաջարկներով, նոր մոտեցումներով մտնեն»:

France Telecom Orange-ը Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել անցած շաբաթ` ներկայացնելով ամենամեծ գնային առաջարկը` 51,5 միլիոն եվրո: Ընկերությունը կսկսի ծառայություններ մատուցել հաջորդ տարվա կեսերից:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG