Մատչելիության հղումներ

Նոր ատոմակայանի կառուցման ֆիզիկական հիմնավորումը մոտ օրերս կներկայացվի կառավարություն


ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) օգնությամբ եւ ֆինանսավորմամբ նախապատրաստվել է ֆիզիկական հիմնավորում Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ, որը մոտ օրերս կներկայացվի կառավարություն: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը:

«Ըստ հայեցակարգի, ժամանակացույցի` մինչեւ տարվա վերջ պետք է ընդունվի Հայաստանում օրենք նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ», - ասաց Մարկոսյանը:

Հարցին` որոշվա՞ծ է արդյոք նոր ատոմակայանի տեղը, Գագիկ Մարկոսյանը պատասխանեց. - «Նախնական` այո, դա կլինի գործող ատոմակայանի տարածքում: Բնական է, որ լրացուցիչ հետազոտական աշխատանքներ պետք կլինի կատարել նախագիծը սկսելիս»:

Անհրաժեշտ գումարների առնչությամբ նա նշեց. - «USAID-ի ծրագրում մոտավորապես այդ գումարները կան նախատեսված: Պարզ է, որ դա շատ մոտավոր է: Կոնկրետ այդ աշխատանքում չի որոշված ատոմակայանի տիպը: Նախնական` դա պետք է լինի մոտավորապես 1000-մեգավատտանոց կայան: Բայց ավելի ճշգրիտ հզորությունը եւ տվյալները պարզ կլինեն նրանից հետո, թե որ ֆիրման կշահի եւ որ ֆիրման կսկսի կառուցել»:

Իսկ նոր ատոմակայանի կառուցման համար պահանջվող ժամանակը, ըստ Գագիկ Մարկոսյանի, «կախված կլինի բլոկի տիպը ընտրելուց»:

Առաջիկա ամիսների ընթացքում նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը հիշատակել էր նախագահ Սերժ Սարգսյանը ժողովրդին եւ Ազգային ժողովին հղած իր առաջին ուղերձում` հոկտեմբերի 2-ին:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG