Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն»-ը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` Բիշքեկում ունեցած զրույցը լրագրողների հետ: Նալբանդյանն ասում է. - «Ես ասել եմ եւ կցանկանայի կրկնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի առանցքային հարցը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով: Եթե հնչում են կարծիքներ, թե առանցքային հարցերը լուծված են, ուրեմն կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցի շուրջ փոխըմբռնում կա»:

«Չորրորդ իշխանություն»-ը հակադարձում է. - «Հիմա հանկարծ ստացվում է, որ մեր փայ զիջման մասով ամեն ինչ համաձայնեցված է, իսկ ադրբեջանցիների մասով` դեռեւս ոչ: Բայց անդրադառնանք մեկ այլ հարցի. իսկ ո՞վ է ասել, որ Ղարաբաղի կարգավիճակը մեզ համար առանցքային է, իսկ ազատագրված տարածքների վերադարձը` ոչ: Եվ ընդհանրապես, ո՞ւմ նկատի ուներ Էդվարդ Նալբանդյանը, երբ ասում էր` մեզ համար: Եթե իշխող քաղաքական կոալիցիային նկատի ունի, ապա չարաչար սխալվում է: Դաշնակները, օրինակ, հայտարարում են, որ իրենք կտրականապես դեմ են ազատագրված տարածքները որեւէ պայմանով վերադարձնելուն: Իսկ ՀՅԴ-ն, եթե հիշում եք, իշխող կոալիցիայի անդամ է»:

«Հրապարակ»-ը Լեռնային Ղարաբաղի հարցը կապում է ներքաղաքական խնդիրներին. - «Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված աժիոտաժը կատարվող իրադարձություններին կոնկրետ կենսական իմաստ հաղորդեց: Հայաստանում եւ տարածաշրջանում կտրուկ փոխվող հոգեբանական վիճակից ոգեւորված` հայ չինովնիկներն ուժեղացրին հասարակության հետ խոսելու հրամայական տոնը: Հանրապետական կուսակցության ղեկավարությունը իրեն ներքաղաքական իրավիճակի տեր զգաց, իսկ մարտի 1-ի քննության համար պատասխանատուները սկսեցին խոսել ցինիկ ծաղրով: Բոլորին թվաց, թե մարտի 1-ի գործն ավարտելու ժամանակն է, իսկ առավել համառներին սկսեցին համեմատել խոճկորների ու այծերի հետ` մատնացույց անելով նշված ֆիլմի որոշ կադրերը: Չինովնիկների հույսը Թուրքիայի իրար անցած նախագահի` Աբդուլա Գյուլի կերպարն էր: Ըստ երեւույթին տպավորություն էր ստեղծվել, թե եվրոպացիներն ու ամերիկացիները թքած ունեն Հայաստանի քաղաքացիների հոգսերի ու նրանց մանր խնդիրների վրա: Եվ այսպես էլ կշարունակվեր, եթե չլիներ Հայաստանի Հանրապետության ղեկավարության անսպասելի հիասթափությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի օրերին: Վերադառնալով այնտեղից` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի հետաքրքիր բան հայ-թուրքական հարաբերություններում չի արձանագրվել»:

«168 ժամ»-ի մեկնաբանը գրում է. - «Բանակ զորակոչելու այն սիստեմը, որ գործում էր այս տարիներին, կրթական որակի անկման հիմնական պատճառներից մեկն է: Երիտասարդները բանակից խուսափելու համար ամեն գնով ցանկանում են բուհ ընդունվել: Ասպիրանտուրայի հարցը վերածվել է քաղաքական խնդրի, գիտական լուրջ պոտենցիալ ունեցող որեւէ երիտասարդ որպես կանոն չի ընդունվում ասպիրանտուրա: Դրանից էլ գիտական համակարգում հիմնականում սիրողներ են եւ ոչ պրոֆեսիոնալներ: Հիշատակենք նաեւ այն խայտառակ կոռուպցիան, որ բանակը պարտադրում է բուհերին»:

«Հայոց Աշխարհ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Լեւոնական ակտիվին պետք չէ, որ ճշմարտությունը բացահայտվի. նրանց պետք են շահարկումներ՝ էլի միառժամանակ ջրի երեսին մնալու, ծայրահեղ դեպքում՝ սեփական կաշին փրկելու եւ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ավելին՝ ճշմարտությունը սրանց հակացուցված է։ Այլապես չէին բոյկոտի իրենց իսկ պահանջով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը՝ համառորեն մերժելով իրենց կասկածները եւ ենթադրությունները, «փաստերն ու փաստարկները» հանձնաժողովի դատին ներկայացնելու եւ քննչական խմբի ղեկավարի, մասնագետների, փորձագետների հետ բաց եւ թափանցիկ համագործակցության պայմաններում քննարկելու ցանկացած հնարավորություն»։

«Առավոտ»-ի աղբյուրների փոխանցմամբ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը բանակցությունների հերթական ռաունդն է վարում գործող իշխանությունների հետ՝ «երրորդ ուժի» ձեւավորման եւ ընդդիմության հեգեմոնը դառնալու ուղղությամբ: Իշխանությունները, թերթի աղբյուրի մատուցմամբ, հույս ունեն, որ դրանով կարող են ջլատել շուրջ մեկ տարի ընդդիմադիր դաշտում առանցքային դերակատարություն ստանձնած Համաժողովրդական շարժումը:

«Հայկական ժամանակ»-ը «Ո՞ւմ է պետք այս ազգային անվտանգությունը» հոդվածում նշում է. - «Քոչարյանի կարգադրության պարագայում Հացպանյանը գնում է ազատագրված տարածքներ, հետո գալիս է «Զվարթնոց» օդանավակայանից օգոստոսի վերջին մեկնում է արտասահման, այնուհետեւ հետ է գալիս: Ու ԱԱԾ-ն այդ մասին որեւէ բան չի իմանում: Օդանավակայանում տեղադրված հատուկ սարքերն էլ որեւէ կերպ չեն արձանգրում, որ Հացպանյանի հատուկ կեցության անձնագիրը վավեր չէ, ու նա խնդիրներ ունի: Սա վկայում է այն մասին, որ, ասենք, Բեն Լադենը կան աշխարհառչակ մեկ այլ տեռորիստ հանգիստ կարող է ելումուտ անել Հայաստան, եւ մեր հատուկ ծառայությունները այդպես էլ գլխի չընկնեն այդ մասին»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG