Մատչելիության հղումներ

Սարգիս Հացպանյանը տուգանվեց 50 հազար դրամով


Ֆրանսահայ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ ուշ երեկոյան փոխանցեց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամի չափով:

Ըստ Էլբակյանի, Հացպանյանը տուգանվել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի՝ «առանց քաղաքացիական հատուկ կացության իրավունքի Հայաստան մուտք գործելու համար»:

Փաստաբանն ասաց, որ ոստիկանությունում կազմվել է արձանագրություն այն մասին, որ Սարգիս Հացպանյանը ստացավ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը. - «Դա ընդամենը ֆաքսից կատարված պատճեն էր, որի օրինականության վերաբերյալ Հացպանյանն արտահայտեց իր տարակուսանքը»: Էլբակյանը ասաց նաեւ որ, կասկածում է, թե այդ փաստաթուղթը կարող է եւ պատրաստված լինել ոստիկանությունում, քանի որ ոչ կնիք կա , ոչ էլ՝ «իսկականի հետ ճիշտ է» բառերը:

«Սա ապօրինություն էր, բնականաար, մենք պետք է բողոքարկենք ե’ւ ոստիկանության որոշումը, ե’ւ կարգադրությունը: Եթե մի կարգադրություն կայացվել է մարտի 10-ին եւ դրա մասին մենք տեղեկանում ենք հիմա, դա չի կարող համարվել օրինական», - հավելեց փաստաբանը:

«Ոստիկանությունում ինձ ներկայացվեց երկու փաստաթուղթ, մեկը ոստիկանություն էր ուղարկվել ֆաքսով: Ես ասացի՝ ինչպես պետք է հավաստիանամ, որ դա վավեր փաստաթուղթ է: Նրանք խոստացան, որ վավեր փաստաթուղթը ինձ կհանձնվի երկուշաբթի, որ իմանամ՝ ինչ է դա, ով է կնքել, երբ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հացպանյանը:

Նա հավելեց, որ ոստիկանությունում իրեն տրամադրել են նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ մեկ այլ փաստաթղթի լուսապատճեն, համաձայն որի՝ վարչության պետը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը: Փաստաթղթում, ըստ Հացպանյանի, նշված է, որ անվավեր է ճանաչվում իր՝ 10 տարվա քաղաքացիական հատուկ կացության փաստաթուղթը:

«Այդ թղթի բնօրինակը եւս պետք է տան երկուշաբթի», - ասաց Հացպանյանը` հավելելով. - «Ապօրինությունները պիտի վերանան, Հայաստանը պիտի օրինական երկիր դառնա»:

Անցած շաբաթ Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր հետեւյալը. - «Մարտի 1-ի տուժածներից եմ ես, այդ հարձակման ենթարկված անձանցից` Ազատության հրապարակում: Այդ հարձակումից հետո անմիջապես` հենց մարտի 1-ին, հասել եմ արցախյան ազատագրված տարածքներ, այդտեղ եմ գտնվել: Երեկ [հեկտեմբերի 8-ին] առաջին անգամ գիշերը ժամանել եմ Երեւան եւ ուզեցել եմ երեխաներիս տեսնել, կնոջս տեսնել.. Բայց իմանալով, որ ոստիկանությունը հսկում է տունը` չեմ մոտեցել: Ամսի 8-ին հանդիպել եմ լրագրողների, իրավապաշտպանների, կապվել եմ նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու անձանց հետ, պատմել եմ եղելությունը, ասել եմ, որ այսպիսի իրավիճակ է, բայց անպայման ուզեցել եմ երեխաներիս եւ կնոջս տեսնել ու եկել եմ տուն: Տուն գալուցս մի 10-15 րոպե հետո ոստիկանությունը արդեն եկել է, որ իրենց հետ գնամ: Մերժել եմ դուրս գալը, որովհետեւ ես ապօրինի գործողություն կատարելու բոլորովին պատրաստ անձնավորություն չեմ, օրինապաշտ եմ, օրենքի շրջանակներում եմ եղել միշտ եւ որեւէ օրենք չեմ խախտել»:

Դրանից հետո մինչեւ երեկ Հացպանյանը տանից դուրս չէր եկել: Ոստիկանությունն այդ ամբողջ ընթացքում հսկում էր նրա բնակարանը: Իսկ երեկ ոստիկանների ուղեկցությամբ տարվել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ էլ ուշ երեկոյան կայացվել էր նրան տուգանելու մասին որոշումը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG