Մատչելիության հղումներ

Մոսկվայում մահափորձ է կատարվել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրենի նկատմամբ


Երեկ երեկոյան, ժամը 17-ի սահմաններում, Մոսկվայի հարավ-արեւմուտքում` Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն 47-ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ: Այդ մասին հայտնում է Մոսկվայի դատախազությունը:

Էլբակյանի վրա չորս կրակոց է արձակվել, նա վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց եւ վիրահատության է ենթարկվել: Այսօր առավոտյան հիվանդանոցից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Էլբակյանի վիճակը բավարար է:

Հանցագործի անձը եւ հանցագործության դրդապատճառները դեռեւս պարզված չեն: Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի երրորդ մասով` «սպանության փորձ», հարուցված քրեական գործի քննությունը վերահսկում է Մոսկվայի դատախազության քննչական վարչության ղեկավար Անատոլի Բակմետը:

Մոսկվաբնակ հայազգի հանրահայտ դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամը զբաղվում է թատերական ներկայացումների, համերգների եւ տարբեր սոցիալական ծառայությունների կազմակերպմամբ:

Հանցագործությունը կատարվել է Ջիգարխանյանի թատրոնի անմիջական հարեւանությամբ:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG