Մատչելիության հղումներ

Պատգամավորը հարցաքննվելու է «Օդնոկլասնիկ» սրճարանի միջադեպի կապակցությամբ


«Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով լրագրող Արթուր Սահակյանը հարցաքննվել է որպես վկա:

«Նրա նկատմամբ կասկածը կհիմնավորվի բռնաբարության փորձով` կդատենք, չի հիմնավորվի` եթե ակնհայտ զրպարտի (ենթադրաբար Մարինա Մադաթյանը)` նրան կդատենք», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, սեպտեմբերի 23-ին 1983 թվականին ծնված Մ.Մ.-ն (ըստ մամուլի հրապարակումների` Մարինա Մադաթյանը) ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթը` Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի ղեկավար, 1974 թվականին ծնված Արթուր Սահակյանը փորձել է բռնաբարել իրեն, սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնության կանչել իր ծանոթներին:

Այս գործով բազմաթիվ վկաներ են հարցաքննվել` ինչպես կոնկրետ միջադեպի, այնպես էլ դրան նախորդած իրադարձությունների կապակցությամբ:

«Բոլորի ցուցմունքներում էլ կան էական հակասություններ», - ասաց Համբարձումյանը:

Հարցին, թե հարցաքննվե՞լ կամ հարցաքննվելո՞ւ է Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանը, ում անունը դեռ սեպտեմբերի 30-ին Արթուր Սահակյանը մամուլին տված հարցազրույցներում հատուկ ընդգծել էր, Համբարձումյանը արձագանքեց. - «Պատգամավորը հարցաքննվելու է, որովհետեւ, ըստ էության, պատգամավորի հարցաքննության պահը ուղղակի մյուսների հանցանքը հիմնավորելու կամ պահի հետ կապված, նա պարզաբանման պահեր կարող են ներկայացվել նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ: Ուղղակի հանցագործության հետ նա կապ չունի»:

Լրացուցիչ հարցերի արդյունքում պարզվեց, որ խոսքը պատգամավոր Լեւոն Խաչատրյանի, եւ ոչ թե Լեւոն Սարգսյանի մասին է: Այո, պարզվում է` Արթուր Սահակյանը իր ցուցմունքներում, ըստ Համբարձումյանի. - «Նախ նա նրան տեսնելու վերաբերյալ ցուցմունք չի տվել, առավել եւս` հայտարարություն: Եթե որեւէ մեկի վերաբերյալ, անկախ նրանից Սարգսյան Լյովային կամ մյուսներին, անունը շոշափվում են, պարտադիր կհրավիրվեն եւ գործողությունները կկատարվեն»:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Արթուր Սահակյանը արդեն նշել է Լեւոն Սահակյանի անունը եւ նրան մեղադրել տեղի ունեցածի համար:

Այս դիտարկմանն ի պատասխան` Համբարձումյանն ասաց. - «Մամուլում եղած հրապարակումները, երբ որ մենք այդ գործում ունենք միջադեպին մասնակից ողջ մարդիկ, նույն Արթուր Սահակյանը: Հիմա նրա անունից մամուլում ինչ են հրապարակում: Երբ որ սկզբնաղբյուրը կա, միջնորդավորված աղբյուրով ես առաջնորդվեմ, դուք դա ճիշտ կհամարե՞ք»:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ տեղի ունեցածի մասին հաղորդագրությունը տարածվեց դեպքից 8 օր անց` Անդրանիկ Բաբայանի մահից հետո, Համբարձումյանը արձագանքեց, թե հանցագործությունը թաքցնելու միտում չի եղել. - «Մենք պաշտոնական հարուցել ենք քրեական գործը ամսի 23-ին եւ իրականացրել ենք` առանց դա որեւէ գաղտնի պահելու»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG