Մատչելիության հղումներ

YouTube-ում տեղադրվել է ադրբեջանական բանակում «դեդովշչինան» ներկայացնող տեսանյութ


YouTube-ում տեղադրվել է տեսանյութ, որը ներկայացնում է «դեդովշչինան» ադրբեջանական բանակում: Բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երկու-երեք զինվորներ ծեծի են ենթարկում զորանոցում շարք կանգնած նորակոչիկներին` ապտակելով, հետո բռունցքներով, ոտքերով հարվածելով նրանց:

Տեսանյութի հայտնվելուց անմիջապես հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական քննություն է անցկացրել: Ինչպես Day.az ինտերնետային պարբերականին փոխանցել է նախարարության խոսնակ Էլդար Սաբիրօղլուն, քննության արդյունքում պարզվել է, որ այդպիսի միջադեպ ադրբեջանական բանակում մինչեւ հիմա չի եղել:

«Դա կեղտոտ սադրանք է բանակի դեմ, մեր տեսած տեսագրությունը հիանալի ներկայացում է», - արձագանքել է խոսնակը:

Սաբիրօղլուի խոսքերով, եթե անգամ նման բան պատահել է` տեսանյութը առաջին հերթին պետք է ներկայացվեր պաշտպանության նախարարությանը, եւ եթե դրանից հետո արձագանք չլիներ, ապա արդեն կարող էին դա տեղադրել ինտերնետում: Նա ասել է, թե հիմա էլ ուշ չէ նախարարություն դիմելու համար, եթե կան իրական փաստեր ու ապացույցներ:

«Չկա այդպիսի բան», - պնդել է Սաբիրօղլուն, - «Թվում է, ինչ-որ մեկին շահեկան է բանակի դեմ սադրանքը, որպեսզի բանակի մասին բացասական վերաբերմունք ձեւավորվի: Կարելի է ասել` բանակում «դեդովշչինան» գործնականում վերացված է, եւ յուրաքանչյուր բացասական երեւույթի նախարարությունը անմիջապես արձագանքում է եւ վերացնում խնդիրը»:

«Ադրբեջանում ոչինչ հնարավոր չէ թաքցնել, եւ եթե այդպիսի բան պատահեր` ժողովուրդը վաղուց կիմանար: Ինտերնետային այդ կայքը ազատ է, յուրաքանչյուրը կարող է այնտեղ տեղադրել իր նկարահանածը. դրանից էլ օգտվել են ադրբեջանական բանակի դեմ սադրանքի հեղինակները», - մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG