Մատչելիության հղումներ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը շարունակվում է


Միջազգային բորսաներում այսօր տեղի ունեցող բացասական միտումները վերլուծաբանները բացատրում են ոչ միայն բուն «իրացվելիության» պատճառով, այլեւ վստահության պակասով: Միացյալ Նահանգներում ֆինանսական հսկայական կառույցներից մի քանիսը հայտնվել են սնանկացման եզրին, պետությունը միջոցներ է հատկացրել՝ 700 միլիարդ դոլար, ինչը որոշ չափով կայունություն է հաղորդել շուկային, սակայն բիզնեսի էական աճ չի ապահովել:

ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հավաստիացնում է, որ սա ընդամենը ժամանակի հարց է` ասելով, թե «մի բանում մարդիկ կարող են համոզված լինել՝ 700 միլիարդ դոլարի աջակցության օրինագիծը մեծ քայլ է այս խնդիրը լուծելու ուղղությամբ»:

Վստահության հարցը մեկնաբանել է նաեւ Նյու 3որքի քաղաքապետ, «Բլումբերգ ԼՓ» ֆինանսական-տեղեկատվական ծառայությունների եւ լրատվական գործակալության հիմնադիր, մեծահարուստ Մայքլ Բլումբերգը, ով Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ:

«Մեր խնդիրը շուկայի անկումը չէ, այն ընդամենը արտացոլում է բանկային համակարգի անկումը, բանկերը չեն ցանկանում վարկեր տրամադրել մարդկանց եւ ընկերություններին բիզնեսի կամ մասնավոր կարիքների համար: Բանկերը հիմա նույնիսկ միմյանց վարկ չեն տալիս: Ինչո՞ւ: բանկերը չեն սնանկացել, նրանք պարզապես չեն ցանկանում որեւէ ռիսկի դիմել», - ասել է Բլումբերգը:

Ֆինանսական ճգնաժամի թեման հրատապ է նաեւ Եվրոպայում: Եվրոյի գոտու 15 երկրների ֆինանսների նախարարները երեկ երկօրյա ժողով են գումարել Լյուքսեմբուրգում: Եվրամիության դրամավարկային քաղաքականության հարցերով հանձնակատար Խոակին Ալմունիան ընդգծել է, որ այս վտանգավոր իրավիճակում հարկ է ընդունել միայն համատեղ որոշումներ, քանի որ երկրների առանձին՝ չհամաձայնեցված նախաձեռնությունները միայն վնաս կհասցնեն: Եվրոյի գոտու ֆինանսական նախարարները հավատացնում են, որ մեծ ճգնաժամ չի լինի եւ խոշոր բանկերից ոչ մեկը չի սնանկանա:

Այսօր առաջին անգամ ինտերնետով հեռարձակած ուղերձում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, որ «միջազգային քաղաքականության հարցերը, ֆինանսական համակարգի ճգնաժամը անհապաղ եւ համատեղ գործողություններ են պահանջում, անհայտ է, որ հիմա անհրաժեշտ են նոր որոշումներ»:

Դմիտրի Մեդվեդեւը մեկնում է Ֆրանսիա, որտեղ Էվիան ավանում Եվրոպայի լիդերների եւ առաջատար գիտնականների մասնակցությամբ քննարկվում են համաշխարհային խնդիրները:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները այսօր կարծիք են հայտնել, որ հիպոթեկային ճգնաժամի հետեւանքով ամերիկյան ֆինանսական սեկտորի կրած կորուստը կարող է հասնել 1 տրիլիոն 400 միլիարդ դոլարի: Ֆինանսական համակարգի առողջացմանն ուղղված պետական աջակցության ծրագրով տրամադրվում է այդ գումարի ճիշտ կեսը՝ 700 միլիարդ դոլար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG