Մատչելիության հղումներ

Ջոն ՄըքՔեյնը նամակ է հղել ամերիկահայ համայնքին


Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոն ՄըքՔեյնը անցած շաբաթավերջին նամակ է հղել ամերիկահայ համայնքին, որում ձեռնպահ է մնացել «Հայոց ցեղասպանություն» տերմինը գործածելուց` փոխարենը դիմելով ցեղասպանության բառարանային սահմանմանը: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը:

«Արդարացի է ասել, որ 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը` Օսմանյան կայսրությունում մեկեւկես միլիոն հայերի դաժան սպանությունը, միաժամանակ նաեւ ամենից շատ անտեսվածներից է եղել: Այդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի կրած տառապանքները նախերգանքն էին հարյուրամյակի, որը հայտնի դարձավ որպես ամենաարյունալին մարդկության պատմության մեջ», - գրել է Ջոն ՄըքՔեյնը` հավելելով. - «Մենք պարտավոր ենք ճանաչել այդ ողբերգական իրադարձությունները եւ ապահովել, որպեսզի աշխարհը երբեք չկրի 20-րդ դարի արյունահեղ հակամարտությունների հետեւանքները»:

«Երախտապարտ եմ այն ավանդի համար, որ ամերիկահայերը ունեն մեր հիասքանչ երկրում», - իր նամակում գրել է Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածուն, երախտագիտություն հայտնելով նաեւ Հայաստանին` Իրաքում կոալիցիայի գործողություններին եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ջանքերին աջակցելու համար:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման բազմիցս օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» տերմինը` ինչպես ներկայիս ընտրարշավի ժամանակ, այնպես էլ մինչ այդ` Սենատում իր գործունեության ընթացքում: Ամերիկահայ համայնքին նա խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG