Մատչելիության հղումներ

Բջջային կապի երրորդ օպերատորի մրցույթի հավանական հաղթողը France Telecom Orange-ն է


Երկուշաբթի օրը մրցութային հանձնաժողովի նախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը բացեց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի համար հայտարարված մրցույթում նախաորակավորման փուլն անցած երեք ընկերությունների կողմից ներկայացված փաթեթները եւ հրապարակեց նրանց գնային առաջարկները: Ամենամեծ գումարը` 51,5 միլիոն եվրո, առաջարկել է France Telecom Orange ընկերությունը, որն էլ, հավանաբար, հաղթող կճանաչվի:

Իրենց գնային առաջարկներն էին ներկայացրել նաեւ շվեդական Tele 2 եւ անգլաիռլանդական Digi Cell ընկերությունները` համապատասխանաբար 45,6 միլիոն եւ 31,66 միլիոն եվրո:

«Մենք արձանագրում ենք, որ գնային ամենամեծ առաջարկը ներկայացրել է France Telecom Orange ընկերությունը: Ըստ կարգի, երեք օրվա ընթացքում հանձնաժողովը կորոշի հաղթողին», - երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց Անդրանիկ Մանուկյանը` հավելելով, որ հաղթողի մասին վերջնական որոշումը ընդուվելու է 3 օրվա ընթացքում:

Արդեն, սակայն, կարելի է մեծ հավանակությամբ ասել, որ հաղթող կճանաչվի ֆրանսիական ընկերությունը, քանի որ, ինչպես հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, հաղթելու համար միակ չափանիշը առաջարկված գինն է:

Նախարարը ասաց նաեւ, որ հաղթող ընկերությունը ծառայություններ կսկսի մատուցել հաջորդ տարվա կեսերից:

Գուրգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը հայաստանյան շուկա կհանգեցնի ծառայությունների որակի բարձրացմանն ու սակագների իջեցմանը:


Լիլիթ Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG