Մատչելիության հղումներ

Պայթյունի հետեւանքով զոհվել է Հարավային Օսիայում ռուսական զորքերի շտաբի պետը


Երեկ Ցխինվալիում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել են ռուսաստանցի յոթ զինծառայողներ, այդ թվում` Հարավային Օսիայում ռուսական զորքերի շտաբի պետ գնդապետ Իվան Պետրիկը:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է Հարավային Օսիայում տեղակայված ռուսական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Մարատ Կուլախմետովը, Հարավային Օսիան շրջապատող «բուֆերային գոտու» Դիցա վրացաբնակ գյուղում իրականացված «պլանային միջոցառման» արդյունքում հրազեն եւ նռնակներ էին հայտնաբերվել երկու ավտոմեքենաներում գտնվող առանց փաստաթղթերի չորս քաղաքացիական անձանց մոտ` «ենթադրաբար վրացիների»: Ավտոմեքենաները բերվել են Ցխինվալի, եւ խուզարկության ժամանակ դրանցից մեկում գործել է պայթուցիկ սարքը:

Պայթյունի հետեւանքով զոհվել են նաեւ ձերբակալվածներից երկուսը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես տարածաշրջանում խաղաղության վերականգնման ջանքերի խափանմանը ուղղված ահաբեկչական գործողություն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հերքել է վրացական կողմի առնչությունը միջադեպին` այն անվանելով ռուսական զորքերի դուրսբերումը խոչընդոտելուն ուղղված սադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG