Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերը տրամագծորեն հակադիր տպավորություններ են ստացել նախագահի ուղերձից


Հայաստանյան քաղաքական ուժերը` իշխանամետ եւ ընդդիմադիր, տրամագծորեն հակադիր տպավորություններ են ստացել նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ Ազգային ժողովում հրապարակած ուղերձից:

Իշխող կոալիցիան կազմող չորս կուսակցությունները Սերժ Սարգսյանի ուղերձը միայն դրական գնահատականների արժանացրին: ՀՀԿ-ի համար իրենց առաջնորդի ուղերձը «հասարակության հետ երկխոսություն էր», Դաշնակցության համար` «հասարակությանն արված համախմբման առաջարկ», «Օրինաց երկիր»-ի համար` «կոչ` ուղղված հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը»:

«Կան շատ բազմաթիվ հարցեր, որ, կարելի է ասել, դրանք կարեւոր են, եւ մի ուղերձում դժվար թե երկրի նախագահը հասցներ բոլորին անդրադառնալ», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու նախագահը չանդրադարձավ մարտի 1-ի իրադարձություններին, պատասխանեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Դաշնակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխխոսնակ Հրայր Կարապետյանի կարծիքով, մինչդեռ, նախագահը չի շրջանցել մարտի 1-ը:

«Կարծում եմ, որ արծարծվել է [մարտի 1-ի հարցը]: Երբ խոսք է գնում քաղաքական ուժերի համախմբման մասին, երբ խոսք է գնում Հայաստանում կայունությունը պահպանելու մասին, երբ խոսք է գնում առողջ քաղաքական պայքարի մասին, ես կարծում եմ, այդ ամենը ուղղակիորեն կապված է հենց մարտի 1-ի եւ արմատական ընդդիմության գործունեության հետ», - ասաց Կարապետյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նախագահի ուղերձը գնահատեց իբրեւ «շատ կարեւոր քաղաքական իրադարձություն»: Նրա խոսքով, քանի որ Սերժ Սարգսյանը խոստացավ, որ իր ուղերձները պարբերական բնույթ են կրելու, մարտի 1-ի իրադարձություններին նա գուցե առաջիկայում անդրադառնա:

«Չեմ բացառում, որ առաջիկա ուղերձներում կլինեն արդեն կոնկրետ շեշտադրումներ կոնկրետ խնդիրների, հարցադրումների վերաբերյալ», - հավելեց պատգամավորը:

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը միանգամայն այլ կարծիքի է նախագահի ուղերձի վերաբերյալ:

Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքով, իրենց ակնկալիքները նախագահի ուղերձից «շատ ավելի լուրջ էին»:

«Զարմանալի էր [մարտի 1-ի մասին որեւէ հիշատակման բացակայությունը]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բախշյանը: - «Այն ընտանիքները, որոնք ունեցել են այդ զոհերը, եւ այն ընտանիքները, որ ունեցել են վիրավորներ, նախագահի նախանշած ոգեւորությամբ չեն ապրելու հաստատ»:

«Ընդդիմության վրա նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձը տխուր տպավորություն է թողել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը: - «Այս ելույթը ապացուցեց, որ այս իշխանությունը ուղղակի հասարակությանը ասելիք չունի»:

Մուսինյանի ձեւակերպմամբ, ելույթի նպատակը «էժան PR»-էր. - «Ուրիշ նպատակ չկա»:

Դիտարկմանը, որ նախագահը նաեւ ընդդիմությանը կոչ արեց վերջ տալ վիրավորանքներին, Մուսինյանը արձագանքեց. - «Ընդդիմությունը միշտ դրել է տրամաբանական հարցադրումներ եւ հետայսու էլ դնելու է. բացահայտեք մարտի 1-ի մեղավորներին, ազատ արձակեք մեր պատանդ պահված ընկերներին... Իսկ եթե ազատ չեք արձակում, դուք պատանդ պահող, կրիմինալ իշխանություն եք: Եթե սա համարում են վիրավորանք, թող համարեն, թող վիրավորվեն»:

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանի խոսքով, Սերժ Սարգսյանը «չանդրադարձավ հասարակությանը հուզող հարցերին»:

«Շատ վատ էր արված [զեկույցը], ինչը ամոթալի է ոչ միայն երկրի նախագահի ներկայացման համար, այլ ցանկացած փոքր կուսակցության նախագահի համագումարի ելույթի մակարդակից ցածր պատրաստված ելույթ էր դա... Քաղաքական ուղերձը, որ հնչեց այդ ելույթում, դա հեռախոսային արդարադատության թեման էր, եւ այստեղ թող ինձ ներեն ուղերձը պատրաստողները, ակնհայտ սուտ էր դա, որովհետեւ Հայաստանի Հանրապետության հասարակությունը... տեսել է, որ այսօրվա մարտի 1-ով դատապարտվող դատավարությունները ամբողջությամբ ֆարսի վրա են եւ սուտ են»:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG