Մատչելիության հղումներ

Ռուսաստանին «չի անհանգստացնում» Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երեւանում հայտարարեց, որ Ռուսաստանին չի անհանգստացնում այն, որ Հայաստանը մտադիր է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

«Ոչ դա մեզ չի անհանգստացնում», - հայաստանցի իր գործընկեր Էդուարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ավարտին հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Ռուսաստանի արտգործնախարարը: - «Մենք նույնպես պահպանում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հարաբերությունների մեր ձեւաչափը, ունենք ՆԱՏՕ - Ռուսաստան խորհուրդ, որը շարունակում է գոյություն ունենալ, հանդիսանում ենք Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անդամ` ինչպեսեւ Հայաստանը»:

«Համոզված ենք, որ եթե ՆԱՏՕ-ն, ինչպես հայտարարել է, իրոք մտադիր է վերափոխվել կազմակերպության, որը գործընկերների հետ միասին պայքարելու է նոր սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ, ապա ոչ մի վտանգ դրանում չեմ տեսնում», - շարունակեց Լավրովը` հավելելով, որ վտանգը «արհեստականորեն, ոչ մի ձեւով չհիմնավորված եւ իրական սպառնալիքների հետ որեւէ կերպ չառնչվող ՆԱՏՕ-ի մեխանիկական տարածումն է դեպի Արեւելք` տարածքների յուրացման տրամաբանությանբ»:

«Այստեղ մենք չունենք որեւէ տարաձայնություն մեր հայ բարեկամների հետ, թե` ինչպես եւ ինչպիսի ՆԱՏՕ-ի հետ ենք մենք ցանկանում համագործակցել», - եզրափակեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսում փոխանցեց, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են փոխշահավետ տնտեսական համագործակցության խնդիրներ, համատեղ ծրագրեր տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտում: Հատուկ ուշադրություն է արժանացել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացը եւ վերահաստատվել է խնդրի արագ կարգավորման անհրաժեշտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում:

Սերգեյ Լավրովի ներկայացմամբ, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ
ապրանքաշրջանառությունը այս տարվա ընթացքում աճել է գրեթե 20 տոկոսով, ռուսաստանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ արդեն գերազանցում են 1 միլիարդ 300 միլիոն դրոլարը. - «Սա լուրջ գումար է, եւ այդ ներդրումները պետք է արդյունավետ աշխատեն մեր տնտեսությունների եւ ժողովուրդների համար»:

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով, իրավիճակը Հարավային Կովկասում բարդացավ «Հարավային Օսիայի նկատմամբ Սահակաշվիլու վարչակազմի իրականացրած ագրեսիայի արդյունքում»: Լավրովը շեշտեց, որ այդ խնդրին հատուկ ուշադրություն են դարձրել Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկումների ժամանակ եւ համակարծիք են, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես բանակցային սեղանի շուրջ` միջազգային իրավունքից ելնելով:

«Ցխինվալիի վրա հարձակումը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակի ուժային տարբերակով կարգավորման փորձերը դատապարտված են ձախողման», - ասաց Լավրովը:

Պատասխանելով անվտանգության կովկասյան պլատֆորմ ստեղծելու` Անկարայի գաղափարին վերաբերող հարցին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ հայկական կողմը ողջունում է այն:

«Եթե այդ գաղափարը ուղղված է տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը, ողջունում ենք այն եւ պատրաստ ենք այդ նպատակով շարունակել խորհրդակցությունները», - ասաց Նալբանդյանը:

Լավրովը ասաց, որ Ռուսաստանի դիրքորոշումն էլ այդ հարցում նույնն է:
Նրա խոսքով, թուրք գործընկերները տարածաշրջանի երկրներին հրավիրել են երկխոսության, թե ինչպես կարելի է բոլոր այդ հարցերը լուծել համատեղ. - «Իհարկե պատրաստ մեխանիզմներ դեռ չկան, բայց կովկասյան երկրների միջեւ արդեն կայացել է երկկողմ հանդիպումների շարք: Եվ մոտ ապագայում շփումները կշարունակվեն եւ ձեւաչափերը կընդլայնվեն»:

«Բացի այդ Կովկասում խաղաղության պլատֆորմ ստեղծելու Անկարայի նախաձեռնությունը կարող է որոշակի դեր խաղաղ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում», - շարունակեց նա: - «Քիչ չեն մշակված նախագծերը, կողմերը համաձայնեցրել են մի շարք սկզբուքնային դիրքորոշումներ եւ դրանք արձանագրված են փաստաթղթում, կան իհարկե նաեւ չհամաձայնեցված հարցեր, բայց կան մի շարք տարբերակներ, որոնք հնարավորութուն են տալիս այս խնդիրներին անդրադառնալ եւ լուծել: Հույս ունեմ առաջիկայում նախատեսված շփումները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կօգնեն առաջ շարժվել»:

Այսօր Սերգեյ Լավրովին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել այս տարվա սեպտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ Սոչիում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, կովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG