Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Օրացույցային մեղրամսից հետո հայ-թուրքական հարաբերությունները վերադարձան նախկին մակարդակին: Սա ազդարարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` հայտարարելով, թե հայ-թուրքական սահմանը չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական կողմը Ադրբեջանին չի վերադարձրել գրավյալ տարածքները: Սա այն սովորական հայտարարությունն է, որ թուրքական կողմը անում էր նաեւ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ. այսինքն` դարձ ի շրջանս յուր: Նման արդյունքը խիստ սպասելի էր, որովհետեւ ՀՀ իշխանությունները թուրքական կողմի հետ շփումների ընթացքում հայկական օրակարգի ոչ մի հարց չէին տեղավորել քննարկումների շրջանակում: Եվ սա հասկանալի է. Սերժ Սարգսյանը ոչ թե Հայաստանի շահերն էր ներկայացնում, այլ սեփական իշխանության: Թուրքիայի հետ նրա սկսած խաղի նպատակը ոչ թե հայկական օրակարգի հարցերի, այլ սեփական իշխանության երկարաձգման հարցի լուծումն էր»:

Այսօր հայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձին: «Ազգ»-ը գրում է. - «Միանգամից ասենք, որ սպասումը, թե Հայաստանի նախագահը ինչ-որ ձեւով անդրադարձ կանի մարտի 1-ի կամ հետաքննությանը, կամ բանտարկյալների խնդրին, եւ անգամ` համաներման մասին հույսեր կային, չարդարացան, նախագահը շրջանցեց այդ հարցը: Իսկ ընդհանրապես` նախագահի ելույթն ընդգրկուն էր եւ պարունակում էր անդրադարձներ շատ հարցերի վերաբերյալ»:

«Իրավունք de facto»-ն ուներ միանգամայն այլ սպասելիքներ. - «Այս դեպքում եւս Քոչարյանն ու իր վիրավոր մերձակայքը փառահեղորեն աշխատեցին ու փորձեցին տապալել ուղերձի սպասվող հմայքը: Ոչ ավել, ոչ պակաս մեկ օր առաջ ընդդիմության դարդով տապակվող Օսկանյանը հայտարարեց, որ շատ լավ բան կլինի, եթե իր ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարի համաներման մասին: Հենց այդ պահից արդեն իսկ հասկանալի դարձավ` ուղերձում հաստատ չի լինելու համաներման մասին որեւէ խոսք: Իսկ այդ մասին չիմանալ Քոչարյանենք չէին կարող այն պարզ պատճառով, որ նրա աշխատակազմի գերակշիռ մասը դեռ սպասարկում, օգնականում է Սերժ Սարգսյանին: Ուստի ուղերձը եւ նրա սպասվող էֆեկտը խեղդվեց հենց բնում` մեծագույն հիասթափություն պարգեւելով բոլորին»:

«Տարեգիր»-ը, իր հերթին, նշում է. - «Սարգսյանի ելույթը բավականին սրամիտ էր. ստեղծվում էր տպավորություն, թե այն երկնելուն մի ամբողջ դասակ է մասնակցել: Մեջբերենք մի հատված. - «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեր իրականության մեջ տեղի են ունենում դեպքեր, երբ առանձին մարդիկ որոշում են հանդես գալ ուժի դիրքերից: Որոշում են, որ իրենց կարելի է փողոցում բազուկների ուժով ինչ-ինչ հարցեր լուծել: Հստակ հայտարարում եմ` ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է»:

lragir.am-ը, իր հերթին, գրում է. - «Ընդհանրապես, նախագահական ուղերձից, դրա խիստ ընդհանրական բովանդակությունից նկատելի էր, որ Սերժ Սարգսյանը ընդհանրապես շատ ու շատ բաների դեռ պատրաստ չէ, պատրաստ չէ հասարակության հետ առարկայական զրույց ունենալու, կոնկրետ թեմաներից խոսելու, բացի, իհարկե, ճանապարհային երթեւեկության կանոններից, Պեկինի ամառային օլիմպիադայից, աշակերտական օլիմպիադայից, անտառում տղաների ու աղջիկների զբոսանքից: Որքան էլ զարմանալի թվա, որքան էլ լինի տարօրինակ, կամ հիասթափեցնող, դրանք էին այն կոնկրետ դրույթները, որ կային ուղերձում: Մեկ էլ իհարկե կոնկրետ էր նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան երկաթուղու եւ համահայկական բանկի մասին հայտարարությունը, ինչը սակայն կարելի էր անել բոլորովին այլ առիթով, եւ դրա համար չարժեր հանրության ուշադրությունը գրեթե զուր տեղը բեւեռել Ազգային Ժողովին»:

«Սա հասկանալու համար պետք է ընդամենը պատկերացնել այսօրվա Հայաստանի վիճակը», - մեկնաբանում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Երկիրը գտնվում է շրջափակման մեջ, միջազգային հանրությունը իշխանություններին մեղադրում է քաղբանտարկյալներին ազատ չարձակելու համար, Ղարաբաղյան հարցում խայտառակ վիճակ է, ներքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված եւ այլն: Եվ այս իրավիճակում Սերժ Սարգսյանը ուղերձով դիմում է ժողովրդին եւ մանրամասն նկարագրում, թե ինչպես էր չին ծանրորդը ճկռալով բարձրացնում ծանրածողը: Իհարկե, դահլիճում ներկա գտնվողներն այդ պահին զարմացած նայում էին իրար` երեւի կարծելով, թե այս ուղերձից առաջ Սերժ Սարգսյանը դոպինգ է ընդունել»:

«Իրավունք»-ը Սերժ Սարգսյանի ելույթից եզրակացնում է. - «Եթե ամփոփելու լինենք ուղերձը, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության նախագահը հանրությանը ներկայացրել է մի շարք աշխարհայացքային հարցեր, այսինքն` Սերժ Սարգսյանի պատկերացումները այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն հանրային հարաբերությունները եւ ինչպիսի արժեքների կրող պետք է դառնա երկրի էլիտան»: Հետո մեկնաբանը ավելացնում է. - «Դա, ըստ էության, օլիգարխներին ներկայացրած «դեղին քարտ» էր, եւ չպետք է բացառել, որ առաջիկայում կսկսվի սեփական թիկնազորերի խայտառակ ինստիտուտի վերացման գործընթացը»:

«Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի (ՀՀԿ) մեկնաբանությունը. - «Նախագահի ուղերձը աննախադեպ երեւույթ էր մեր երկրի պատմության մեջ: Սա վկայությունն է, որ երկրի նախագահի համար ժողովրդի միասնությունը, համերաշխությունը, հատվածայնության վերացումը գլխավոր նպատակն է: Եվ սա է բոլոր ծառացած խնդիրները լուծելու բանաձեւն ու գրավականը: Մենք դեմ ենք լճացմանը, վեր ենք հանելու պրոբլեմները եւ լուծելու ենք դրանք»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG