Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը հորդորում է «արագ ու արդարացի ձեւով» ավարտին հասցնել մարտի 1-ին առնչվող քրեական գործերը


«Մենք հորդորում ենք Հայաստանի կառավարությանը մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված գործերը արագ ավարտին հասցնել բաց, թափանցիկ եւ արդարացի ձեւով», - իր հրավիրած առաջին ասուլիսում հինգշաբթի օրը ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը:

Հարցին, թե կիսում է արդյոք տեսակետը, թե Հայաստանն այսօր ունի քաղբանտարկյալների խնդիր, դեսպանն արձագանքեց, թե «ցանկացած պարագայում, երբ մարդիկ անազատության մեջ են հայտնվում իրենց քաղաքական հայացքների եւ գործունեության` այդ թվում ցույցերին մասնակցելու համար, մտահոգվելու առիթ կա»:

«Սա մի մտահոգություն է, որը մենք կիսել ենք Հայաստանի կառավարության հետ եւ հրապարակավ հայտնել դրա մասին», - հավելեց դեսպանը:

Մարի Յովանովիչն ասաց, թե կցանկանար, որ «մի բան հստակ լիներ». - «Յուրաքանչյուր կառավարություն պետք է տարբերակի այն անձանց, ովքեր պարզապես իրականացրել են իրենց քաղաքական իրավունքները, տվյալ դեպքում` հավաքների եւ ցույցերի ազատությունը, այն անձանցից, ովքեր բռնություններ եւ անօրինական գործողություններ են կատարել»:

Մարի Յովանովիչը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Հայաստան հրավիրելու Սերժ Սարգսյանի «խիզախ քայլին» եւ Գյուլի երեւանյան այցին` դեսպանն ասաց, որ դա «նոր հնարավորություններ է ստեղծում սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից»:

«Բաց սահմանները, տնտեսական հնարավորությունները կարող են փոխել բազմաթիվ հայերի կյանքը: Միացյալ Նահանգները, նաեւ ես ամեն ինչ կանենք այդ ջանքերին օժանդակելու համար», - ասաց նա:

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին` Յովանովիչն ասաց, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը «դրական քայլ» էր. - «Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը հարեւաններ են, եւ դա շատ նորմալ է, որ արտգործնախարարները հանդիպում են եւ քննարկում են ընդհանուր հետաքրքրության հարցեր, եւ մենք նման զարգացումները կողջունենք»:

Դեսպանի կարծիքով, անցած հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո խնդրի կարգավորման հարցում առաջընթաց կա, եւ իրենք շատ ուրախ կլինեին, եթե դրա վրա կառուցվեին հետագա աշխատանքները:

«Մենք հույս ունենք, որ առաջիկայում դրական քայլեր կտեսնենք», - եզրափակեց դեսպանը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG