Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ուղերձ հղեց ժողովրդին ու խորհրդարանին


Այսօր Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց ժողովրդին եւ խորհրդարանին:

Նախագահի ուղերձը հիմնականում վերաբերում էր ներհայաստանյան հարցերին: Նախ Սերժ Սարգսյանը անդրադարձավ տնտեսությանը. Հայաստանը, նրա խոսքով, մշակում է երեք նոր խոշորագույն ծրագրեր:

«Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել: Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան - Հայաստան երկաթուղի կառուցվել: Առաջիկա ամիսների ընթացքում Համահայկական բանկ ու Ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու», - ներկայացրեց Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ «մեր գերնպատակը պետք է լինի վերելք ապրող Հայաստանը»:

Նախագահը ձեւակերպես «հայկական հրաշքի» իր բանաձեւը. - «Գիտե՞ք որն է Չինաստանի հաջողության բանալին վերջին օլիմպիական խաղերում. համընդհանուր նպատակադրումը: Հիշո՞ւմ եք այն չին ծանրորդին, ով կրկնեց համաշխարհային ռեկորդը` բարձրացնելով տվյալ պահի համար հաղթական ծանրաձողը, բայց մրցավարները չհաշվեցին: Ի՞նչ արեց նա. հաջորդ մոտեցումով նա նորից բարձրացրեց իր ողջ կյանքի համար ամենից ծանր քաշը: Կարծում եք մկանների մարզվածությո՞ւնն էր պատճառը... Ողջ գաղտնիքը մարդկային գիտակցության մեջ էր: Համոզված եմ` հայկական հրաշքի բանաձեւն էլ նույնն է»:

Նա հատուկ առաձնացրեց խորհրդարանի դերի բարձրացումը, ասաց, որ առաջիկայում Հայաստանի նախագահը հատուկ ներկայացուցիչ կունենա Ազգային ժողովում:

Անդրադառնալով քաղաքական կուսակցությունների դերին` Սերժ Սարգսյանը ասաց. - «Որպես այս ուղղությամբ իմ կողմից առաջին ներդրում, ես պատրաստվում եմ առաջիկայում երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ նախաձեռնել եւ հրավիրել կուսակցությունների ղեկավարներին»:

Նախագահը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի դերի մասին` ասելով, որ սոցիալական արդարության վերականգնումը Հայաստանում այլընտրանք չունի. - «Պիտի հանենք գռփելապաշտությունը պաշտոնյաների ուղեղներից: Զուգահեռաբար անբարեխիղճ ծառայողներին հեռացնելու ենք զբաղեցրած պաշտոններից»:

«Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող իրեն անպատժելի համարել, ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող պետության գործառույթները վերագրել իրեն», - հայտարարեց նախագահը: - «Ինձ համար դա հասկանալի չէ, ինձ համար դա անընդունելի է»:

Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին` Սերժ Սարգսյանը ասաց. - «Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Ուրեմն Հայաստանը պիտի 10 միլիոն դեսպան ունենա: Ներկա տեղեկատվական պատերազմներում սա է նավթադոլարների դեմ մեր միակ հակակշիռը: Եվ մենք կհակակշռենք` եթե լիովին սթափվենք»:

Ուղերձը Սերժ Սարգսյանը ավարտեց այսպես. - «Ես դիմում եմ իշխանության եւ ընդիմության ներկայացուցիչներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, բոլորին: Դիմում եմ ու հորդորում վերջ տալ հրապարակավ այլոց վիրավորելուն: Սա մեզ մոտ արդեն անցնում է ընդունելիի սահմանը: Անձնական վիրավորանքներ հասցնելը մեզանում կարծես թե դարձել է նորմ»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG