Մատչելիության հղումներ

Գալիք հունվարից պետական նպաստ կստանան հետմահու Մարտական խաչով պարգեւատրվածների ընտանիքները


1-ին եւ 2-րդ կարգի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված զոհված անձանց ընտանիքները 2009 թվականի հունվարից կստանան պետական նպաստ` 200 հազարական դրամ:

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց համապատասխան օրինագիծը, որի վերաբերյալ նիստից հետո լրագրողներին պարզաբանումներ տվեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը:

Օրինագիծը վերաբերում է հետմահու «Մարտական խաչ»-ով պարգեւատրված 89 շքանշանակիրների եւ 9 Ազգային հերոսների ընտանիքներին:

«Սա հնարավորություն է տալիս, որպեսզի մենք միատեսակ մոտեցում ունենանք, եւ պետություն այս ճանապարհով փորձում է ոչ միայն բարոյապես, այլեւ նյութապես աջակցել այս ընտանիքներին», - ասաց նախարարը: - «2008 թվականից Հայաստանի Ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը սահմանված է 200 հազար դրամ, որը ներկայումս արդեն իսկ վճարվում է: 2009 թվականին այդ չափը կբարձրանա 50 հազար դրամով եւ կկազմի 250 հազար դրամ»:

Ընդհանուր առմամբ, նախարարի խոսքով, պետական բյուջեով 2009 թվականին այս նպատակով նախատեսված է ավելի քան 150 մլն դրամ:

Կառավարության նիստում քննարկվեց նաեւ կենսաթոշակների բարձրացման հարցը: Արսեն Համբարձումյանը ներկայացրեց այսօր նիստում հավանության արժանացած որոշումը, եւ որով կառավարությունը հստակեցնում է յուրաքանչյուր տարի կենսաթոշակի բարձրացման չափը:

2009 թվականին, ըստ նախարարի, բազային կենսաթոշակի չափը սահմանվելու է 5800 դրամ, ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ, հիմնական կենսաթոշակի չափը` 8000 դրամ. - «Այս բարձրացումների արդյունքում ապահովագրական կենսաթոշակների միջին չափը կկազմի 25 հազար 600 դրամ (աճը` մոտավորապես 17,5 տոկոս), սոցիալական կենսաթոշակների միջին չափը` 10 հազար 100 դրամ (աճը` շուրջ 16 տոկոս)»:

Ներկայումս նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմում է 36 հազար դրամ: Ապահովագրական կենսաթոշակի չափը գալիք հունվարից կլինի 25 հազար 600 դրամ կամ սպառողական զամբյուղի մոտ 70 տոկոսը, որն էլ համարվել ծրագրային ցուցանիշ 2009 թվականի համար:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG