Մատչելիության հղումներ

Տիմոշենկոն չի բարեւում Յուշչենկոյին


Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այսօր չի բարեւել երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոյին: Այդ մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամլո քարտուղար Իրինա Վաննիկովան` կատարվածը բնութագրելով որպես «արարողակարգի եւ մարդկային էթիկայի բոլոր կանոնների խախտում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Վաննիկովան պատմել է, որ երբ Յուշչենկոն Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան է վերադարձել իրեն Լվով տեղափոխող օդանավի վթարային վայրէջքից հետո, օդանավակայան է ժամանել նաեւ Յուլիա Տիմոշենկոն, ով նույնիսկ չի մոտեցել նախագահին` բարեւելու:

Վիկտոր Յուշչենկոյի օդանավը վթարային վայրէջք է կատարել թռիչքից 20 րոպե անց` տեխնիկական պատճառներով: Ի վերջո, նախագահը Լվով է մեկնել վարչապետին սպասարկող օդանավով, իսկ Տիմոշենկոն ստիպված է եղել Մոսկվա մեկնել չարտերային թռիչքով:

Երկու նախկին զինակիցների միջեւ հարաբերությունները լարված են սեպտեմբերի կեսերից, երբ Տիմոշենկոն միացավ նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի ռուսամետ կուսակցության ներկայացրած` երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող օրինագծին, ինչի հետեւանքով նախագահի եւ վարչապետի գլխավորած կոալիցիան փլուզվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG