Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ամիսներ շարունակ ասել` «իշխանությունը հոգեվարքի մեջ է», «մենք արդեն հաղթել ենք», «իշխանափոխությանը հաշված օրեր են մնացել», «հաջորդ հանրահավաքը կլինի ամենահուժկուն եւ վճռորոշը»` նշանակում է պարզապես խաբել մարդկանց: Իսկ մարդիկ չեն սիրում, երբ իրենց խաբում են»:

«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը ասում է. - «Պետք է լինել համբերատար, հետեւողական եւ հասկանալ, որ հաղթանակի համար անհրաժեշտ է հասարակական գործընթացների որոշակի հասունացում: Այդ հասունացման գործընթացում մենք հիմա գտնվում ենք: Սա օրգանական քաղաքական պրոցես է, որը պետք է հասունանա եւ բերի իր պտուղը: Իսկ շատ հարցերի պատասխանը ժողովուրդը կգտնի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում»:

Նույն հարցի վերաբերյալ իր կարծիքն է ներկայացնում «Հայոց Աշխարհ»-ը. - « Ինչեւէ, ուղիղ տասնհինգ օր հետո՝ հոկտեմբերի 17-ի միտինգում, Տեր-Պետրոսյանը, եթե չեք մոռացել, պետք է «ազնվաբար ու անկեղծորեն» ներկայացնի կոնգրեսի «հետագա պայքարի ստրատեգիան»։ Աստված իմ, քանի անգամ են խոստացել մեզ ներկայացնել պայքարի ստրատեգիա։ Եվ ինչի՞ ականատեսն ենք եղել մշտապես։ Ակնհայտը չտեսնելու հայրենի հեղափոխականների ընդունակությունները հասել են այնպիսի կուրացուցիչ բարձունքների, որ ակամայից գլուխ ես խոնարհում ակնաբուժության հաջողությունների առջեւ»: Թերթը եզրափակում է. - «Ների՛ր նրանց, Տեր, քանզի սեփական խավարամտության ու հոգեկան տհասության պատճառով չեն հասկանում, թե ինչ են անում։ Մերժելով ողջամտության ցանկացած դրսեւորում, ճղավում են միայն «Հեղափոխությո՛ւն։ Հեղափոխությո՛ւն», չգիտես ինչու կարծելով, թե այդ աղեկտուր ճիչերի վրա, ինչպես ճանճերը՝ մեղրի, կհավաքվեն հայոց աշխարհի ազատատենչ քաղաքացիների պարսերը»։

Թեման շարունակում է «Ազատամտություն» օրաթերթը. - «Այն, ինչ կատարվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, ստիպում է ավելի մտահոգվել Տեր-Պետրոսյանի աղանդի ճակատագրով: Իսկապես կադրեր չունեն, ունեցածն էլ, թերեւս պիտանի է միայն «Ազգային խայտառակության պատկերասրահի» համար: Անբան, հարբեցող Արարատ Զուրաբյանը ջախջախվել է Կենտրոնում, Զոյա Թադեւոսյանը պարտություն է կրել Արաբկիրում, Մանուել Գասպարյանը` Նոր Նորքում: Այս պարտություննների առիթով ուրախանալու առիթ չեմ տեսնում... Անշուշտ, Տեր-Պետրոսյանի վարակը աստիճանաբար չեզոքանում է, համաճարակի վտանգն անցել է, սակայն անջնջելի է հետք է թողել քաղաքական իրականության մեջ: Այսուհետեւ Հայաստանի քաղաքական գործընթացում անհանդուրժողականությունը, ծայրահեղականությունը, ինչպեսեւ աղանդավորությանը հատուկ այլ երեւույթներ օբյեկտիվ իրականություն են»:

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է Վարդան Օսկանյանի երեկվա ելույթին. - «Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ըստ էության ջախջախիչ քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը: Թե ինչու ենք կարեւորում Վարդան Օսկանյանի կարծիքը, հասկանալի է: Որովհետեւ 10 տարի շարունակ նա Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարարն է եղել եւ այսօր էլ նրա կարծիքներն է արտահայտում: Բայց հարց է առաջանում. ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը իր դժգոհություններն արտահայտում հրապարակայնորեն: Ի վերջո, եթե նա եւ Սերժ Սարգսյանը շարունակում են համագործակցել եւ նույն քաղաքականությունն իրականացնել, ի՞նչն է խանգարում, որ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, թեյի սեղանի շուրջ հանդիպի Սերժ Սարգսյանի հետ եւ նրան ներկայացնի իր նկատառումները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Կամ ի՞նչն էր խանգարում Սերժ Սարգսյանին Գյուլին Հայաստանի հրավիրելուց առաջ այդ մասին խորհրդակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, որ սա հետո հրապարակավ չհայտարարեր, թե` ես լինեի, չէի հրավիրի»:

«Առավոտ» օրաթերթը ներկայացրել է մարտի 1-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի անդամներից երկուսի հանդիպումը անազատության մեջ գտնվող Սուրեն Սիրունյանի հետ: Թերթը գրում է. - «Սիրունյանի ասելով, մայիսից հետո ինքը մեկ անգամ է քննիչ տեսել, որն իրեն պարզապես տեղեկացրել է, որ իր մասով նախաքննությունն ավարտված է, եւ որ իրեն նոր մեղադրանք է առաջադրվել: «Իմ դեմ չկա ուղղակի վկայություն, չկա տուժող, քննչական գործողությունները չեն կատարվել, ուրեմն՝ էդ նոր մեղադրանքն ինչի՞ հիման վրա է առաջադրվել»: Ըստ Սիրունյանի, ընդամենը 4 վկայի ցուցմունք կա, որոնցից երեքն ասում են, թե՝ լսել են, որ Սիրունյանը Ազատության հրապարակում փող է բաժանել, բայց իրենք դա չեն տեսել եւ փող չեն ստացել. - «Չորրորդ վկան էլ մի կին է, որը ցուցմունք է տվել, թե մարտի 1-ին «Գլաձոր» համալսարանի մոտակայքում հաստ հոնքերով մի տղայի է տեսել, որը շատ ակտիվ էր: Այս կնոջ եւ Սուրեն Սիրունյանի միջեւ, սակայն, ճանաչում չի կատարվել, ինչը նշանակում է, որ այս վկայի ցուցմունքը Սիրունյանի մեղքն ապացուցող հանգամանք համարվել չի կարող»:

«Ազգ» օրաթերթը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի ասուլիսը: «Մեկնաբանելով Հայաստանի նախագահի` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանին ներդրումներ կատարելու առաջարկի մասին հայտարարությունը, Արա Հարությունյանը դա ավելի շատ կատակ համարեց` ասելով, որ քանի դեռ հիմնախնդիրը կարգավորված չէ, բացառվում է հարեւան երկրի ներդրումներ կատարելը Լեռնային Ղարաբաղում», - փոխանցում է «Ազգ»-ը:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG