Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ արտահերթ ընտրությունները դառնան իրավիճակը շտկելու «միակ ձեւը»


Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի առաջին արտգործնախարար, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով, եթե «առաջիկա ամիսները նույնպես անցյալի շարունակությունն են սոսկ... արտահերթ ընտրությունը կդառնա միակ ձեւը նոր վիճակ, համագործակցության եւ համերաշխության նոր մանրակերտ բերելու եւ Հայաստանի եւ իր ազգային շահի նոր հեռանկար եւ նոր շունչ հաղորդելու համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հարցին, թե անհրաժեշտ համարո՞ւմ է երկրում իրավիճակը շտկելու համար արտահերթ համապետական ընտրությունների անցկացումը, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի`«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը պատասխանեց. - «Այս ամիսների ընթացքում երբեք չեմ դիտարկել դա որպես հրամայական` հույս ունենալով, որ երկխոսության եւ ներքաղաքական նոր մշակույթի իրացման միջոցով մենք կարող ենք հասնել ներհասարակական նոր լուծումների: Բայց վերջին ամսիները ինձ լավատեսության ներշնչանք չեն տալիս, եւ եթե այս առաջիկա ամիսները նույնպես անցյալի շարունակությունն են սոսկ, ես կարող եմ պնդել, որ որքան էլ արտահերթ լուծումները մեր երկրում նախընտրելի չեն, արտահերթ ընտրությունը կդառնա միակ ձեւը նոր վիճակ, համագործակցության եւ համերաշխության նոր մանրակերտ բերելու եւ Հայաստանի եւ իր ազգային շահի նոր հեռանկար եւ նոր շունչ հաղորդելու համար»:

Խոսելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մասին, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամն ասաց. - «Ես կարծում եմ, որ եթե մոտ ապագայում նոր քայլեր չկատարվեն Հայաստանում թե’ բանտարկյալների ազատ արձակման տեսքով, թե’ փաստահավաք այդ առաքելությանը իրական լիազորություն տալու եւ եզրակացության հասնելու չափումով, թե’ մարտի 1-ի սպանդի կազմակերպիչների եւ իրականացնողների նկատմամբ գործեր հարուցելու անհրաժեշտությամբ, ես կարծում եմ, որ Հայաստանի սպասվում է շատ դժվարին հունվար»:

Նրա հիմնական շեշտադրումները, որը հեռախոսազրույցի ամբողջ ընթացում «կարմիր թելի» պես անցնում էր, դա այն է, որ Հայաստանում ժողովրդավարության թուլությունը ազդեցություն է ունենում ազգային հարցերի վրա, նպատակների վրա, Ղարաբաղի ինքնիշխանությունը ճանաչելու հարցում, որ առաջին հերթին պետք է շտկել ներքին իրավիճակը եւ դառնալ ժողովրդավար եւ մարդու իրավունքները հարգող երկիր:

Եվ դա պետք է արվի ոչ թե Եվրոպայի պահանջներին պատասխանելու, այլ պարզապես դա հենց Հայաստանին է անհրաժեշտ. - «Այդ վիճակում, որ Հայաստանը հիմա գտնվում է` աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, եւ նույնիսկ եվրոպական արձագանքները, ազդեցությունները ուղղակի պահանջում են, որ մենք մեր սեփական տունը կարգի հրավիրենք»:

Իրավիճակը շտկելու համար, ըստ Հովհաննիսյանի, առաջին հերթին, անհրաժեշտ է ազատ արձակել մարտի 1-ի գործով բոլոր այն բանտարկյալներին, որոնք բռնի արարք չեն գործադրել. - «Արդեն ակնհայտ է, որ այսօր նրանք, ովքեր բանտերում են, ընդդիմադիր գործիչներ են, քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես աղերս չունեն որեւէ բռնի արարքի հետ, եւ մենք տեսնում ենք, թե մեր երեք գործընկերները` մեր Ազգային ժողովի պատգամավորները, մինչեւ հիմա գտնվում են բանտում: Պարոն դատախազը եկավ, իմ կարծիքով եւ «Ժառանգության» կարծիքով, ներկայացրեց քաղաքական փաստաթուղթ քանի ամիսներ առաջ եւ մինչեւ հիմա հետաձգվում են այս անմեղ պատգամավորների կալանքի ժամկետը: Այդ երկարաձգումների համար ոչ մեկը չի դիմում Ազգային ժողով, եւ պարզապես իրենք սպասում են, փաստորեն, հրահանգի` ուղղահայաց արդարադատության այդ իրացման, որը մեզ մոտ չի ապահովում իսկական արդարադատություն»:

«Մարտի 1-ի ահավոր ողբերգությունում 10 քաղաքացի զոհվեց. 8 քաղաքացիական անձ, 2 ոստիկան», - շարունակեց նա: - «Եվ միաժամանակ դրանց կազմակերպիչները, իրականացնողները ընդհանրապես ազատության մեջ են, եւ որեւէ գործ կամ մեղադրանք անգամ չկա: Հայաստանի կենտրոնում, մայրաքաղաքի կենտրոնում այն, որ հայը հայի վրա կրակեց դիմահար կրակով, դա եղեռնին զուգահեռ մի ողբերգություն է»:

Հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ, երբ ասաց, թե ազատության մեջ են մարտի 1-ի կազմակերպիչները, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Եթե Հայաստանի իրավապահ մարմինները, դատախազությունը իրենք չեն կարող որոշել, թե դա ով է հետաքննել եւ զեկուցել անաչառ ձեւով, ապա այս փաստահավաք նոր առաքելությունը ինքը իր վրա պետք է ստանձնի այդ պարտականությունը: Ես դատավոր չեմ, բայց կարող եմ ասել, որ ճշմարտությանը հասնելու համար պետք է այդ փաստահավաք նոր մարմինը լիազորված լինի իրավունքի ուժով ստիպել, որ համապատասխան բոլոր քաղաքացիները, պաշտոնյաները, վկաները ներկայանան եւ իրենց վկայությունը տան` երդման ներքո: Եվ դա վերաբերում է, ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանի բոլոր նախագահներին` անխտիր, եւ հատկապես երկրորդ նախագահին, ով այդ օրերին նախագահում էր, եւ հրահանգը փաստորեն իրն է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG