Մատչելիության հղումներ

Հայաստանյան իրավիճակը քննարկվեց ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովում


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի` երեկ Ստրասբուրգում կայացած նիստի քննարկման հիմնական թեմաներն էին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի վերջին զեկույցը եւ Հայաստանի կողմից թիվ 1609 ու 1620 բանաձեւերի կատարման ընթացքը: Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ավարտին այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ ելույթների հիմնական մասը բավարար անկողմնակալ էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձեցին իրավիճակը կապել ղարաբաղյան հարցի, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի իբրեւ օկուպացիայի, ազգային զտումների հետ: Այսինքն` չեմ կարող ասել, որ սա օբյեկտիվ քննարկում էր», - նշում է Հարությունյանը:

Ի դեպ, նիստին մասնակցել եւ ելույթ է ունեցել հայկական պատվիրակության միակ ընդդիմադիր անդամը` «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ա1+»-ի փոխանցմամբ, նա անդրադարձել է մարտի 1-ի իրադարձությունների նախաքննության ընթացքին` ասելով. - «Ողբերգության 10 զոհերի գործով ոչ մի բացահայտում, ոչ մի գործ, ոչ մի մեղադրանք չկա: Եվ սա շատ լուրջ հարց է հարուցում հանրային վստահության, ժողովրդավարության տեսակետից»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին նաեւ հիշեցրել է, որ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս արդեն ավարտված դատավարությունները. - «Դատապարտվածներից շատերը բանտերում են գտնվում մեծամասամբ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա, իսկ մեղադրանքն էլ սկսվում է իշխանության զավթումից մինչեւ ոստիկանության նկատմամբ բռնություն կիրառելը»:

Դավիթ Հարությունյանի խոսքով, սակայն, հայկական պատվիրակությունն ի վիճակի է եղել Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին կոնկրետ դրական տեղաշարժեր մատնացույց անել. - «Առաջին հերթին, ես շատ կարեւոր եմ համարում, որ նախաքննությունն ավարտված է, որովհետեւ նախաքննության ձգձգումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է, եւ այն պետք էր հնարավորինս արագ ավարտել: Գործը դեռ դատական փուլում է, եւ այս փուլում կարեւոր եմ համարում անկախ, անաչառ դատավարության անցկացումը, որից հետո հնարավոր կլինի գնահատական տալ այդ պրոցեսին: Այն, որ դրական որոշակի քայլեր կատարված են, կարծում եմ, կասկած չի հարուցում»:

«Ցավոք սրտի, դեռ չենք կարողացել հասնել փաստահավաք փորձագիտական խմբի ստեղծման մասին որեւէ փաստաթղթի ընդունմանը, բայց բանակցությունները մարդու իրավունքների հանձնակատարի եւ փորձագետների հետ ինտենսիվորեն շարունակվում են: Հուսով եմ, որ նման խմբի ստեղծման մասին իրավական փաստաթղթի ընդունումը օրերի հարց է», - ասաց Հարությունյանը` չբացառելով նաեւ, որ առաջիկա ամիսներին Թոմաս Համմարբերգը կրկին այցելի Հայաստան:

Անցած մի քանի օրերին տեղեկություններ հայտնվեցին, որ թեեւ Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը ԵԽԽՎ-ի լիագումար նիստի օրակարգում է հայտնվելու միայն 2009-ի հունվարին, այնուհանդերձ, հնարավոր է ինչ-որ միջանկյալ փաստաթղթի ընդունում: Այս առթիվ Դավիթ Հարությունյանը նշում է. - «Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը հայտարարություն կընդունի [բանաձեւերի պահանջների] կատարման ընթացքի վերաբերյալ: Այս հարցը դեռ քննարկվում է»:

Հայաստանյան պատվիրակույթյան ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովը չի քննարկել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վերջերս կատարված լրացումները, որոնցով նախատեսվում է հեռուստատեսային կապուղիների` եկող տարի նախատեսված բոլոր մրցույթները հետաձգել մինչեւ 2011 թվականի հունվար:

«Չեմ կարծում, որ [քննարկում] լինի այս նստաշրջանում, քանի որ հարցը լրացուցիչ պետք է ուսումնասիրվի, ստացվեն փորձագետների կարծիքները, նոր միայն Եվրախորհուրդը անդրադարձ կկատարի այս հարցին քաղաքական առումով», - նշեց Դավիթ Հարությունյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG