Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հարավկովկասյան հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»


«Հարավային Կովկասում առկա բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով` միջազգային ընդունված նորմերի եւ փոխադարձ հարգանքի հիման վրա», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` շաբաթ երեկոյան ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում:

«Ակնհայտ է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Այդ իսկ պատճառով, Ադրբեջանը անում է հնարավորը առկա լարվածությունը թուլացնելու համար», - վստահեցրել է Մամեդյարովը` հավելելով. - «Վրաստանում տեղի ունեցածը ապացուցեց, որ սառեցված հակամարտությունները` այդ թվում Lեռնային Ղարաբաղի շուրջ հայ - ադրբեջանական հակամարտությունը, անկայունության աղբյուր են ՎՈւԱՄ կազմակերպության տարածքում: Փխրուն հրադադարը չի կարող փոխարինել տեւական ու հաստատուն խաղաղությանը»:

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, սակայն, կրկին ընդգծել է, որ ըստ պաշտոնական Բաքվի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է:

«Հայկական զորքերի դուրսբերումը օկուպացված տարածքներից եւ այնտեղ ադրբեջանական իշխանության վերահաստատումը` ահա այն միակ հնարավոր ուղին, որով կարող ենք խաղաղության ու տնտեսական բարեկեցության ճանապարհ հարթել ողջ տարածաշրջանի համար», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` նաեւ գովեստի խոսքեր ուղղելով Թուրքիայի իշխանությունների վերջին դիվանագիտական նախաձեռնություններին. - «Խաղաղության եւ կայունության` Թուրքիայի առաջարկած պլատֆորմը կարող է տարածաշրջանային անվտանգության համակարգի ձեւավորման հաջող սկիզբ դառնալ: Մեր համատեղ ջանքերը պետք է հիմնված լինեն տարածքային ամբողջականության հանդեպ փոխադարձ հարգանքի եւ գոյություն ունեցող սահմաններն ընդունելու վրա»:

Մամեդյարովն իր ելույթում նաեւ հիշատակել է մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած հայտնի բանաձեւը, որում, մասնավորապես, ասված է. - «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս բանաձեւով պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ ու լիակատար դուրսբերում»: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` «սկզբունքները, որ դրված են բանաձեւի հիմքում, որպես հիմք են օգտագործվելու նաեւ բանակցային գործընթացի ժամանակ»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG