Մատչելիության հղումներ

Գագիկ Բեգլարյան. «Ընդդիմությունը պատրաստվում է ընտրակեղծիքների»


Ընդդիմությունը պատրաստվում է ընտրակեղծիքներ իրականացնել կիրակի օրը մի շարք համայնքներում, այդ թվում Երեւանի Կենտրոն համայնքում անցկացվելիք թաղապետի ընտրություններում: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Կենտրոնի գործող թաղապետ եւ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը:

«Ընտրակեղծիքները դարձել են ընտրությունների միակ, ոնց ասեմ, ընդդիմության կողմից այցեքարտը: Բոլորս գիտենք, որ մենք պետք է ամբողջ ազգով պայքարենք ընտրակեղծիքների դեմ», - հայտարարեց Բեգլարյանը: - «Չգիտես ինչու, ընդունել են մի գաղափար` ընտրակեղծիքներ անում են միայն իշխանության ներկայացուցիչները, դա այդպես չէ: Անում են ընդդիմության ներկայացուցիչները նույնպես»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք տեղյա՞կ է, որ Կենտրոնում այս օրերին մի խումբ է պտտվում եւ շենքերի պատերից պոկում թաղապետի թեկնածու, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ցուցապաստառները, եւ ինչո՞ւ չի կանխում նման երեւույթները, Բեգլարյանը պատասխանեց. - «Շտաբից փորձել են կանխել` չեն հասցրել էդ տղաների հետեւից, ու, ի զարմանս ինձ, նրանք գնացել են եւ մտել են այն շտաբ, որ շտաբից պայքարում են Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի դեմ: Ինձ թվաց, որ դա արվում է էն բանի համար, որ թերթին նյութ տրվի եւ, ինչպես միշտ, զարմացած հարցնեն` «լավ, է, ընդդիմությունը նման բան կանի՞, դա հաստատ իշխանությունն է արել»:

«Բայց եթե ոստիկանությունը չի խառնվել` իսկապես կարող է լինել, չէ՞», - այս հարցին Կենտրոնի գործող թաղապետը արձագանքեց. - «Ոստիկան եղե՞լ է էդ ժամանակ: Մեր ներկայացուցիչները չէ` տեսել էր շենքի ապրող, որ դիմել էր մեզ, ասեց` «ես տեսա պոկողին, տեսա` ուր գնաց մտավ»: Դա էլ կարող է պրովոկացիա լինել, մենք նման բաներին աշխատում ենք ընդառաջ չգնալ: Եթե փաստեր ունենայինք 100-տոկոսանոց, մենք անպայման կդիմեինք ոստիկանություն, բայց չենք էլ կարող էդ կնոջ ասածը մենք ընդունել կամ չընդունել, կամ էդ կնոջը վիրավորել, որ ինքը ստում է»:

Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, որ ինքը ընտրակեղծիքներ չի արել եւ չի անելու, մասնավորապես` ընտրողներին փող չի բաժանելու:

Համայնքի ավագանու անդամների կողմից իր օգտին տարվող քարոզչության վերաբերյալ Կենտրոնի գործող թաղապետը ասաց. - «Եթե ավագանին աշխատում է իր եւ իր ցանկալի թաղապետի համար` դա ընտրակեղծիք չէ: Դա ընտրախախտում չի, կամ դա կեղծիք չի: Կեղծիքը, որը կարող է լինել` որ այդ մարդկանց դրամով շահագրգռեն, բերեն, այդ մարդկանց կաշառելով բերեն` դա կոնկրետ ֆիքսված ընտրակեղծիք է»:

Կենտրոնի գործող թաղապետը Երեւանի քաղաքապետարան իրազեկման մասին հայտ էր ներկայացրել, որ այսօր` նախընտրական արշավի վերջին օրը, ցանկանում է հանդիպել ընտրողների հետ: Քաղաքապետարանը ի գիտություն չի ընդունել նրա հայտը, այսինքն` հանրահավաքը չի թույլատրել:

«Դրա համար, իհարկե, նեղսրտել եմ, որովհետեւ անկախ քաղաքական գաղափարներից` մեր ժողովուրդը մեկն է, բոլորը շատ լավն են, եւ լիդերների կամայականությամբ չէ, որ մեր ժողովուրդը պետք է տուժի, եւ մեկս մյուսի հետ չպետք է շփվենք», - ասաց Գագիկ Բեգլարյանը` հավելելով, որ, այդուհանդերձ, իր նախընտրական շտաբում որոշում է կայացվել չդիմել դատարան:

«Իսկ գուցե դուք էլ էիք դիմել, որ սա ընդդիմության հայտին հակակշի՞ռ լինի», - այս հարցին Կենտրոնի գործող թաղապետը արձագանքեց. - «Ես խնդրում եմ` այդ կարգի ավանտյուրաների մասին ընդհանրապես խոսել չի կարելի: Մեր դիմածը, մերժվածը բոլորը ունեցել են ազնիվ նպատակներ, եւ էդ «միգուցե»-ները այսօր միայն անում են այն մարդիկ, ովքեր ուզում են շահարկել, իսկ մենք այդ կարգի շահարկումների չենք մասնակցում երբեք»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG