Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովը այսօր որոշում կկայացնի Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի հաստատման հարցով


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այսօր որոշում կկայացնի Ջեյմս Ջեֆրիին Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում հաստատելու հարցով: Չորեքշաբթի օրը Ջեֆրին հյուրընկալվել էր Սենատում` պատասխանելով ամերիկացի օրենսդիրների հարցերին, որոնց զգալի մասը հայ - թուրքական հարաբերություններին ու Հայոց ցեղասպանությանն էր վերաբերում:

Պատասխանելով հանձնաժողովի նիստը նախագահող` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերիի հարցերին, ամերիկացի դիվանագետը հայտարարել է. - «Ամերիկյան վարչակազմը ճանաչում է, սգում եւ խստորեն անհանգստացած է այն պատմական փաստերով, որոնք դուք բնութագրեցիք որպես մեկեւկես միլիոն հայերի զանգվածային սպանություն եւ բռնագաղթ` իրադարձություններ, որոնք տեղի ունեցան Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին»: Ամերիկացի դիվանագետի խոսքերով` պաշտոնական Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի հայ - թուրքական հաշտեցում տեղի ունենա:

«Արդյո՞ք սա նշանակում է, որ Անկարայում ԱՄՆ-ի դեսպանն աջակցելու է պատմաբանների հայ - թուրքական հանձնաժողով ստեղծելու` թուրքական կողմի առաջարկին», - Քերիի այս հարցին Ջեֆրին արձագանքել է. - «Մենք կաջակցենք ցանկացած քայլի, որի շուրջ երկու կողմերը համաձայնության կհանգեն, այդ թվում այնպիսի գործընթացների պարագայում, որոնք կօգնեն թափանցիկ ու լիարժեք կերպով քննության առնել [նախորդ դարասկզբին] տեղի ունեցած իրադարձությունները»:

«Եթե Թուրքիան որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, արդյոք Միացյալ Նահանգները կհետեւի՞ Անկարայի օրինակին», - դեսպանի թեկնածուին հարց է ուղղել Նյու Ջերսիից ընտրված դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով մոտ մեկեւկես տարի շարունակ արգելափակված էր պահում Հայաստանում Միացյալ Նահանգների դեպանի նշանակման գործընթացը: Ի պատասխան` Ջեֆրին հայտարարել է, թե «չի կարող պարտավորություն ստանձնել, ասելով, թե ապագայում ամերիկյան վարչակազմն այս կամ այն քայլին կդիմի»: «Այսօրվա մեր քաղաքականության հիմնական շեշտը հայ - թուրքական հարաբերությունների բարելավման վրա է դրված», - ասել է դիվանագետը:

Մենենդեսը Ջեֆրիին խնդրել է նաեւ մեկնաբանել պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի` 2007-ի աշնանն Անկարայում արած հայտարարությունը, որով նա ափսոսանք էր հայտնել Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին հավանություն տալու առթիվ: «Արդյոք դուք էլ հասնելով Անկարա` ձեր ափսոսա՞նքը կհայտնեք Կոնգրեսի նման պահվածքի առթիվ», - հարցրել է Մենենդեսը: «Ես երբեք նման ափսոսանք չեմ արտահայտել եւ չեմ արտահայտի: Կոնգրեսն ամերիկյան իշխանության իրավահավասար եւ անկախ թեւերից մեկն է եւ արժանի է ցանկացած մարդու հարգանքին», - հակադարձել է ամերիկացի դիվանագետը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG