Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց հաջորդ տարվա բյուջեի նախագիծը


Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վերջնական հավանության արժանացավ «2009 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, եւ մոտ օրերս, մի քանի խմբագրական շտկումներից հետո կուղարկվի Ազգային ժողով: Օրինագիծը Ազգային ժողովում պետք է լինի հոկտեմբերի 1-ից ոչ ուշ:

2009 թվականի պետբյուջեի նախագծով առաջարկվել է հաստատել եկամուտները` 905 միլիարդ 400 միլիոն դրամ (20 տոկոսով ավելի, քան ընթացիկ տարի), ծախսերը` 945 միլիարդ 400 միլիոն դրամ (13 տոկոսով ավելի, քան այս տարի):

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով, 2009-ի բյուջեն որոշ առումներով «աննախադեպ» է:

«Մյուս տարվա բյուջեում աննախադեպ բարձր ծավալներ են նախատեսված կրթության եւ առողջապահության, սոցիալական ոլորտին, եւ դա պայմանավորված է այն մեր պարտավորություններով, որ մենք վերցրել ենք կառավարության ծրագրով` 2012 թվականին այդ ոլորտներին հատկացումները հասցնել ՀՆԱ-ի 3,5 եւ 2,2 տոկոսի մակարդակին», - կառավարության նիստին հետեւած ճեպազրույցում լրագրողներին ասաց Դավթյանը` հավելելով, որ «սա սոցիալական բյուջե է, որտեղ կառավարությունը համատեղել է իր ցանկություններն ու հնարավորությունները»:

«Սպասում ենք հաջորդ տարվա ընթացքում բավական կայուն մակրոտնտեսական իրավիճակ, բարձր (9,2 տոկոս) եւ կայուն տնտեսական աճ եւ` համեմատաբար ցածր ինֆյացիոն ֆոնի վրա», - ասաց ֆինանսների նախարարը:

Տիգրան Դավթյանը հրապարակեց նաեւ ՀՆԱ-ի ակնկալվող ցուցանիշը` 13,8 մլրդ դոլար եւ 4500 դոլար` մեկ շնչի հաշվով:

2009 թվականին հարկային մուտքերը պետք է լինեն շուրջ 725 մլրդ դրամի չափով: Պաշտպանության ոլորտին երրորդ տարին անընդմեջ տրամադրվում է Համախառն ներքին արդյունքի 3,5 տոկոսին համարժեք գումար. 2009 համար այդ թիվը կազմում է 149,6 մլրդ դրամ:

Կենսաթոշակները մյուս տարի կավելանան 17 տոկոսով:

«Թոշակները անցյալ տարի 60 տոկոսով բարձրացան», - հիշեցրեց նախարարը: - «Եվս 17,5 տոկոսով հաջորդ տարի է բարձրանալու... Մոտավորապես երկու տարվա ընթացքում` 80 տոկոսով»:

Նվազագույն աշխատավարձը, բյուջեի նախագծով, 2009-ին կբարձրանա 5 հազար դրամով` հասնելով 30 հազար դրամի: Լրացուցիչ 9 մլն դրամ է հատկացվում ոստիկանների աշխատավարձի բարձրացմանը. ոստիկանի միջին աշխատավարձը կհավասարվի ոստիկանության քննիչի միջին աշխատավարձին: Շուրջ 40 տոկոսով կբարձրանա հարկային ծառայությունում աշխատողների աշխատավարձը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG