Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Քոնդոլիզա Ռայսի հետ


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր կեցավայրում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ամերիկյան հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պետքարտուղարը ի պատասխան նշել է, որ Հայաստանը քաղաքական բարեփոխումներում արձանագրում է առաջընթաց, ինչը լավ հիմք է նման օժանդակության շարունակականության ապահովման համար:

Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով փոխզիջումային լուծման հարցում: Քոնդոլիզա Ռայսը կարեւորել է Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը եւ ընդգծել, որ հիմնախնդրի նման հանգուցալուծումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության հաստատմանը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի նախագահին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրա նախաձեռնության համար, եւ հույս հայտնել, որ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան եւ հայ-թուրքական վերջին հանդիպումները համագործակցային ապագայի լավ սկիզբ են դնում:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների հետ, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցեր:

Հինգշաբթի օրը Նյու Յորքում կայացել են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Յան Պիտեր Բալկենենդեի, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ:

Սերժ Սարգսյանն այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարան, որտեղ վաղ քրիստոնեության եւ բյուզանդական արվեստի ցուցասրահում նրան ներկայացվել է ցուցադրվող միջնադարյան հայկական խաչքարը:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG