Մատչելիության հղումներ

Բելառուսի խորհրդարանական ընտրությունները կտարբերվե՞ն նախորդներից


Կիրակի օրը Բելառուսում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 70-ից ավելի ընդդիմադիր թեկնածուների է գրանցել, ինչը Ալեքսանդր Lուկաշենկոյի իշխանության տարիների համար աննախադեպ երեւույթ է: Վերլուծաբանների կարծիքով` առաջին անգամ վերջին տասը տարիների ընթացքում իշխող վարչակազմը քիչ թե շատ հավասար պայմաններ է ստեղծել ընդդիմության թեկնածուների համար:

Երկրի առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի` Միացյալ քաղաքացիական կուսակցության ղեկավար Անատոլի Lեբեդկոյի խոսքով, սակայն, ընտրությունների կեղծման մեխանիզմները վերացված չեն:

«Մենք երբեք այս ընտրարշավը չենք ճանաչի ոչ արդար եւ ոչ էլ լեգիտիմ: Երբ ընտրական հանձնաժողովների անդամների միայն կես տոկոսն է այլընտրանքային թեկնածուներին ներկայացնում` պարզ է դառնում, որ կրկին լինելու են կեղծիքներ, եւ ոչ թե ընտրություն է լինելու, այլ պատգամավորների նշանակում», - հայտարարել է Լեբեդկոն:

Ընդդիմության մեղադրանքները, սակայն, նախագահ Lուկաշենկոն չի ընդունում:

«Այս ընտրությունները աննախադեպ են Արեւմուտքի պահանջներին համապատասխանության առումով: Մենք աջուձախ խախտում ենք մեր օրենքներն ու Սահմանադրությունը` ընտրաշավն անցկացնելով այն պատկերացումների հիման վրա, որ բնորոշ են ԵԱՀԿ-ին եւ արեւմտյան դիտորդներին», - պնդում է Լուկաշենկոն:

Նա նաեւ սպառնում է, որ եթե այս անգամ էլ ԵԱՀԿ-ն չճանաչի ընտրությունների լեգիտիմությունը, պաշտոնական Մինսկը ստիպված կլինի խզել բոլոր կապերը Արեւմուտքի հետ:

Վերջին շրջանում արեւմտյան պետությունների եւ Բելառուսի իշխանությունների հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժ էր նկատվում: Միացյալ Նահանգների իշխանությունները Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցների մի մասը ժամանակավորապես վերացրել էին, երբ Lուկաշենկոյի վարչակազմը բանտերից ազատ էր արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Արեւմտյան մամուլում, սակայն, կանխատեսում են, որ պատժամիջոցները կարող են կրկին գործի դրվել, եթե ԵԱՀԿ-ի դիտորդները բացասական գնահատականի արժանացնեն առաջիկա ընտրությունները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

(Լուսանկարում` Ալեքսանդր Լուկաշենկո)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG