Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանություն»-ը այսօր անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` երեկվա մամլո ասուլիսին, եւ այնտեղ մարտի 1-ի դեպքերի մեկնաբանությանը: «Էականն այն է, որ Ալիկ Սարգսյանը իր հիմնական ֆունկցիան համարում է ոստիկաններին պաշտպանելը: Նրա մտքով երեւի չի էլ անցնում, որ ինքը պարտավոր է ոչ թե ոստիկաններին պաշտպանել, այլ օրենքը», - գրում է թերթը: - «Բանն այն է, որ ստեղծված իրավիճակում ոստիկանությունը ըստ էության ոչ թե իրավապահ կառույց է, այլ հակամարտության կողմ, որը անմիջական մասնակցություն է ունեցել հանցագործության իրականացմանը: Եվ եթե Ալիկ Սարգսյանը այս իրավիճակում փորձում է փրկել ոստիկաններին, դրանով իսկ ինքն էլ է դառնում հանցագործության մասնակից»:

«Հայոց Աշխարհ»-ը փորձում է հերքել օրերս հրապարակված ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Աշխարհում կրոնի ազատության վերաբերյալ» ամենամյա զեկույցը, որի հեղինակները հակասեմիտիզմի դրսեւորումների մեջ էին մեղադրել հենց «Հայոց Աշխարհ» թերթին. - «Այն ամենից հետո, երբ ընդդիմությունը Իսրայելի դրոշը պարզած գրոհում էր ընդդեմ իշխանության, Հայաստանում որեւէ հրեա տուժե՞ց, որեւէ մեկին կոպիտ խոսք ասացի՞ն կամ վատաբանեցի՞ն՝ ազգային ու կրոնական պատկանելության պատճառով։ Ուրեմն ովքե՞ր էին իրականում հակասեմիտիզմ սերմանում մեր երկրում։ Պատասխանը շատ պարզ է. նրանք, ովքեր իշխանությունը տապալելու համար դիմում էին հրեական կազմակերպություններին, նրանցից ստանում համապատասխան գումարներ եւ որպես շնորհակալության նշան ծածանում Իսրայելի դրոշը։ Բայց քանի որ դրանից հետո էլ Հայաստանում չարձանագրվեց հակասեմիտիզմի որեւէ կոնկրետ դրսեւորում, ապա ակնհայտ է, որ այստեղ «սելը ճռռալու փոխարեն՝ սելվորն է ճռռում»։

«Հայկական ժամանակ» օրաթերթը անդրադառնում է Սերժ Սարգսյանի` օրերս BBC-ին տված հարցազրույցին, որտեղ Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել ադրբեջանցիներին ներդրումներ կատարել Ղարաբաղում: Թերթի պնդմամբ, այնուհետեւ այդ հարցազրույցը հերքելու փորձ էին արել նախագահական նստավայրից, այնուհետեւ այդ հերքելու փորձը հերքել էին ադրբեջանցի լրագրողները: «Բավական չէ Սերժ Սարգսյանը նման խորհուրդ է տվել Իլհամ Ալիեւին, բավական չէ դրա մասին պատմել է արտասահմանցի լրագրողներին, դեռ ՀՀ նախագահականն էլ հայտարարում է, թե նման բան չի եղել` չմտածելով անգամ, որ իրադարձությունները կարող են այս կերպ զարգանալ: Ստացվում է, որ ադրբեջանցի մի լրագրող ստի վրա է բռնում Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական մարմնին եւ այդ մասին ի լուր աշխարհի հայտարարություն անում», - գրում է թերթը` շարունակելով. - «Ու հետաքրքիր է` ի՞նչ էին մտածել նրանք իրենց հերքման տեքստը մշակելիս: Կարծում եմ, ամեն ինչ շատ ավելի պարզ է եղել. Սերժ Սարգսյանը, հասկանալով ինչ մեծ սխալ է գործել, իր փեսային եւ մյուսներին հանձնարարել է ոնց ուզում է լինի, ուղղել դա: Դե նրանք էլ ուղղել են այնպես, ինչպես կարողացել են: Ինչպես ասում են` մրից ելել, մրջուրն են ընկել»:

«Առավոտ» օրաթերթը հարցազրույց է տպագրել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ: «Կոմպլեմենտարություն ռազմական անվտանգությունը չի հանդուրժում, իսկ ՀՀ պարագայում՝ առավել եւս: Պետք է լինես գոյություն ունեցող անվտանգության համակարգերից որեւէ մեկում՝ իբրեւ վստահելի, հուսալի եւ պայմանագրային պարտավորություններին հավատարիմ դաշնակից: Խաղեր տալ անվտանգության համակարգերի՝ ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի միջեւ անթույլատրելի է: Ես չեմ բացառում, որ ընթանում է ինտենսիվ քաղաքական առեւտուր», - ասում է Շիրխանյանը` շարունակելով. - «Միջազգային հարաբերություններում բոլոր երկրները ղեկավարվում են իրենց ազգային շահով: ՆԱՏՕ-ն էլ՝ ի դեմս ԱՄՆ-ի, իր ազգային շահն ունի այս տարածաշրջանում, որոնք պայմանավորված են հաղորդակցման ուղիներով՝ Միջին Ասիա-Կասպից ծով-Անդրկովկաս-Եվրոպա: Դա իրենց համար ստրատեգիական նշանակություն ունի: Ապա՝ բնական ռեսուրսները՝ նավթ, գազ: Այս երկու խնդիրներում էլ Հայաստանը լուրջ տեղ զբաղեցնել չի կարող, ուստի ՆԱՏՕ-ի անդրկովկասյան ստրատեգիական շահերի սանդղակում Հայաստանն առաջին տեղերում չի կարող լինել»:

«168 ժամ»-ը տպագրել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովի մեկնաբանությունը, որը վերաբերում է Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի եւ Հայաստանի հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի կողմից անցկացված համատեղ էքսպերտային հարցմանը` նվիրված Հայաստանում եւ Ադրբեջանում մարդու իրավունքներին: Յունուսովը պնդում է. - «Եթե ադրբեջանցի փորձագետները հարցին մոտենում են խիստ ինքնաքննադատաբար եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնում են սեփական երկրի վրա, ապա հայ փորձագետների մոտ տեսնում ենք գունազարդելու եւ խնդիրների մասին լռելու ձգտում: Հատկապես հեռու է գնում Շավարշ Քոչարյանը, որը չի խուսափում բարձրաձայնել հայերի մի մասի շրջանում տարածված լեգենդը. պարզվում է, որ ժողովրդավարության տեսանկյունից Ղարաբաղը կարող է օրինակ դառնալ ե’ւ Հայաստանի, ե’ւ Ադրբեջանի համար: Եթե ադրբեջանցի փորձագետները բացահայտորեն հաստատում են խոսքի ազատության ասպարեզում լուրջ խնդիրների առկայությունը եւ կտտանքների կիրառման փաստերը, ապա հայերը ակնհայտորեն ձգտում են ընթերցողներին մատուցել գեղեցիկ փաթեթավորված տեղեկություններ: Իսկ խոսքի ազատության հետ կապված, պարզվում է, Հայաստանում ամեն ինչ նորմալ է: Կան միայն «հարկային ճնշումներ եւ ֆինանսական դժվարություններ» (Շավարշ Քոչարյան) եւ լրագրողների անընդունակությունը օգտվելու այդ խոսքի ազատությունից» (Կարեն Բեքարյան)»:

«Լրագիր»-ը մեկնաբանում է Հանրապետական կուսակցությունում վերջին զարգացումները. - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը թեւակոխում է իր քաղաքական դեգրադացիայի վճռական փուլը: Կուսակցությունից դուրս են մղվում այսպես կոչված քաղաքական թեւը եւ հին կրիմինալը, փոխվում է այսպես կոչված գաղափարական հենքը եւ դերակատարները: Այս փուլում դա արտահայտվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Պատահական չէ, որ գրեթե բոլոր համայնքներում իրար դեմ են դուրս գալիս հանրապետականները կամ հանրապետականամերձ կրիմինալը: Ինչ վերաբերում է նժդեհականությանը, ապա այն ամենապարարտ հողն է այս գործընթացի համար, ինչը ՀՀԿ-ի նոր կոնտինգենտը շատ արագ ըմբռնեց»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG