Մատչելիության հղումներ

Ալի Բաբաջան. «Ռուս - վրացական պատերազմը ստիպում է տարաձայնությունների կարգավորման ուղիներ փնտրել»


Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմը փոփոխել է քաղաքական պատկերը Կովկասում եւ ստիպում է Թուրքիային, Հայաստանին եւ Ադրբեջանին` փորձել կարգավորել առկա տարաձայնությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը երկուշաբթի օրը Նյու Յորքում` Արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթում:

«Վերջին ճգնաժամը Վրաստանում ստիպում է տարածաշրջանի բոլոր երկրներին վերագնահատել իրենց քաղաքականությունը, ինչպես նաեւ հրատապության ավելի ուժեղ զգացում ունենալ», - ասել է Բաբաջանը:

«Առկա է քաղաքական կամք, որը, հավանաբար, շատ կարեւոր է, իսկ մնացածը քննարկման ենթակա դետալներ են, բայց, ակնհայտորեն, խնդիրը հենց դետալներն են», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Ռոյթերզ» գործակալությունը փոխանցում է, որ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, կայանալու է ուրբաթ օրը:

Ալի Բաբաջանը հույս է հայտնել, որ բանակցությունները կակտիվանան հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո:

Երեկ Նյու Յորքում կայացել է նաեւ Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, որի ժամանակ քննարկվել են ռուս - վրացական հակամարտության հետ կապված հարցեր:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ` Ռայսը Թուրքիան բնորոշել է որպես Միացյալ Նահանգների կարեւորագույն դաշնակից, ինչպես նաեւ «շատ կարեւոր ուժ Կովկասում», որը ձգտում է հասնել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG