Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների մեծամասնությունը աջակցում է նախագահի եւ վարչապետի քաղաքականությանը


Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշը Ռուսաստանում շարունակում է աճել, ինչին հատկապես նպաստել են ռազմական գործողությունները Կովկասում: Միաժամանակ, «Լեւադա» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը մնում է Ռուսաստանի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը:

Սեպտեմբերի 12-15-ը անցկացված հարցման արդյունքներով` ռուսաստանցիների մեծ մասը աջակցում է թե’ նախագահի եւ թե’ վարչապետի քաղաքականությանը:

Երկրի նախագահի քաղաքականությունը դրական է գնահատում ռուսաստանցիների 83, բացասական` միայն 14 տոկոսը: Ընդ որում, հուլիսի համեմատ Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշը աճել է ավելի քան 10 տոկոսով:

Աճել է նաեւ վարչապետ Վլադիմիր Պուտինի վարկանիշը. այսօր ռուսաստանցիների 88 տոկոսն է աջակցում վարչապետին, այն դեպքում, երբ, օրինակ, օգոստոսին Պուտինին աջակցում էր ռուսաստանցիների 83 տոկոսը:

Ըստ հարցման արդյունքների` ռուսաստանցիները դեռ չեն հասկանում, թե ում ձեռքերում է երկրում իրական իշխանությունը: Այսպես, հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ իրականում երկիրը ղեկավարում է Մեդվեդեւ-Պուտին տանդեմը, իսկ 28 տոկոսը համոզված է, որ թեեւ երկրի նախագահը Դմիտրի Մեդվեդեւն է, որոշումներ երկրում կայացնում է Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանցիների միայն 16 տոկոսն է համարում, որ երկրի իրական նախագահը Դմիտրի Մեդվեդեւն է, եւ որ Մեդվեդեւը ինքնուրույն է որոշումներ կայացնում:

Այսպիսով, Պուտինը մնում է Ռուսաստանի ամենահեղինակավոր քաղաքական գործիչը. ռուսաստանցիների 62 տոկոսը ասում է, որ վստահում է Պուտինին: Այդուհանդերձ, մեծացել է այն ռուսաստանցիների թիվը, որոնք վստահում են Դմիտրի Մեդվեդեւին. 48 տոկոսը վստահում է Մեդվեդեւին, ինչը 9 տոկոսով գերազանցում է օգոստոսի ցուցանիշը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG