Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում սկսվում են քաղաքական քննարկումները


Այսօրվանից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում սկսվում են քաղաքական քննարկումները: Առաջիկա շաբաթվա ընթացքում` մինչեւ հոկտեմբերի 1-ը, դրանց կմասնակցեն եւ միջազգային հեղինակավոր ամբիոնից ելույթ կունենան ավելի քան 120 երկրների նախագահներ ու արտգործնախարարներ:

Այսօր, մասնավորապես, Նյու Յորքում հանդես կգան Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի առաջնորդները:

Սպիտակն տունն արդեն հայտարարել է, որ պաշտոնավարման ժամկետն ավարտող նախագահ Ջորջ Բուշը Գլխավոր ասամբլեայի առջեւ իր վերջին ելույթում անդրադառնալու է ռուս - ամերիկյան հարաբերություններին, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ ստեղծված իրավիճակին, եւ ՄԱԿ-ի ամբիոնից պաշտոնական Մոսկվային կոչ է անելու դուրս բերել զորքերը Վրաստանից:

Նույն հարցադրումներով խիստ ելույթ է խոստանում նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Մենք կխոսենք ռուսական ագրեսիայի, էթնիկ զտումների մասին եւ միջազգային հանրությանը կդիմենք Վրաստանին օգնելու կոչով», - Նյու Յորք մեկնելուց առաջ հայտարարել է Սահակաշվիլին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Սահակաշվիլին պատրաստվում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային փաստեր ներկայացնել, որոնք կապացուցեն, որ Ռուսաստանն իր զորամիավորումները Հարավային Օսիա է մտցրել ավելի շուտ, քան վրացական զորքերը սկսել են հարձակումը Ցխինվալիի ուղղությամբ:

Մինչեւ Վրաստանի նախագահի ելույթը Գլխավոր ասամբլեայում հանդես կգա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, պատրաստվում է քննադատել Անվտանգության խորհրդի աշխատանքը: «Ես Բան Կի-մունին կասեմ, որ դա ոչ թե Միավորված Ազգերի Կազմակերպության, այլ մի քանի պետությունների անվտանգության խորհուրդն է», - հայտարարել է Իրանի նախագահը կառույցի մասին, որը միջուկային ծրագիրը չդադարեցնելու պատճառով պատժամիջոցներ է սահմանել պաշտոնական Թեհրանի նկատմամբ: «Մենք պատրաստվում ենք ներկայացնել ժամանակակից աշխարհի հրատապ խնդիրների եւ աշխարհում տիրող անարդարության մասին մեր տեսակետը», - Նյու Յորք մեկնելուց առաջ ասել է Ահմադինեջադը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 25-ին: Թե ինչ հարցերի կանդրադառնա Սերժ Սարգսյանն իր ելույթում` նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհստակեցրեց:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG