Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյան. «Կհերքվեն այն հերյուրանքները, որ հնչեցվում են ոստիկանության հասցեին»


Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարծիքով, կարճ ժամանակ անց կավարտվեն մարտի 1-ի հետ կապված դատավարությունները, եւ դատարանում կհերքվեն ոստիկանությանը վերաբերող հերյուրանքները:

«Դեպքեր ունենք, որ հերքենք այն հերյուրանքները, ինչ որ հնչեցնում են ոստիկանության հասցեին: Կարծում եմ, որ ոստիկանությունը իր մեղքի բաժինը չունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցարզրույցում այսօր ասաց Ալիկ Սարգսյանը` շարունակելով. - «Հնարավոր է, որ դանդաղ են աշխատել, հնարավոր է, որ դրսեւորումը այդ պահին ճիշտ չի եղել, կազմակերպված չի եղել»:

Մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության ընթացքը ոստիկանապետը «նորմալ» է գնահատում. - «Ես նույնպես ուսումնասիրել եմ, հետեւել եմ այս ամբողջին, նյութերին ծանոթացել եմ»:

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ այդ դեպքերի կապակցությամբ որեւէ ոստիկան չի ձերբակալվել, պատասխանեց, Սարգսյանը հակադարձեց. - «Իսկ ինչո՞ւ պետք է ձերբակալվեր... Դուք ինչո՞ւ եք անպայման համարում, որ օրինազանցություն է տեղի ունեցել ոստիկանների կողմից»:

Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «իրավապահները նախընտրում են մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների արդարացման ճանապարհը»:

«Ոստիկանության հետ միասին եղել են ե’ւ բանակային ստորաբաժանումներ, ե’ւ ռազմական ոստիկանություն, ե’ւ սափրագլուխների թիկնապահներ... Մի խառնամբոխ է եղել... Երբ ոչ թե դեպքի օբյեկտիվ ընթացքն են ուզում պատճառաբանել, այլեւ արդարացնում են ամբողջ իշխանության գործողությունները, ապա նման հրահանգի պայմաններում.... ես միանգամայն համոզված եմ, որ նրանք չեն հայտնաբերվելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աբրահամյանը:

Ալիկ Սարգսյանը նույնպես «ցավում է» է, որ «կոնկրետ դատարանի առաջ սպանություն կատարած անձինք այս պահին չեն հայտնվել»:

Սուրեն Աբրահամյանի խոսքով, մինչդեռ` «եթե նրանք օբյեկտիվությանը կողմ լինեին, կարող էին անձը ճշտել, դա նրանց համար մեկից մեկ է». - «Խնդիր չէ, թե ում զենքում կամ ում ամրացված հատուկ միջոցներով է այդ սպանությունը կատարվել...»:

Նրա գնահատմամբ, ոստիկանությունը քաղաքական պայքարի կողմ է. - «Ոստիկանության համար շատ դժվար է լինելու, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը ամբողջ իրավապահ բլոկը մտցրել է քաղաքական հորձանուտի մեջ եւ դարձրել է քաղաքական պայքարի կողմ»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG