Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարության սպաներ Փայտյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել


Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վիրավորելու փաստով հարուցված գործի շրջանակներում, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախարարության սպաներ` եղբայրներ Արտյոմ եւ Արկադի Փայտյաններին:

Օգոստոսի 31-ին, երբ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Արթուր Հովհաննիսյանը մեկնել էր դեպքի վայր, ավտովթար կատարած BMW-525 մակնիշի 06ԼU378 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղեւորներ Արտյոմ եւ Արկադի Գառնիկի Փայտյաններն ու ինքնությունը չպարզված եւս երկու անձինք քաշքշել, հայհոյել, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էին գործադրել քննիչի նկատմամբ:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, Փայտյանները ընդունել են Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», իրենց առաջադրված մեղադրանքը եւ խոստովանական ցուցմունքներ են տվել: Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը:

Տվյալ հոդվածի առաջին մասով սահմանված նվազագույն պատիժը տուգանքն է, առավելագույնը` 5 տարվա ազատազրկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG