Մատչելիության հղումներ

«Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, իսկ օրենքը սահմանափակումներ է մտցնում»


«Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատությունը, այդուամենայնիվ, օրենքը որոշակի սահմանափակումներ է մտցնում կրոնական փոքրամասնությունների ազատությունների նկատմամբ», - արձանագրել է աշխարհում կրոնի ազատության վերաբերյալ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը` միաժամանակ ընդգծելով, որ կառավարությունը այդ սահմանափակումները կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր չի կատարել:

Ըստ զեկույցի, հաղորդումներ են եղել հավատքի կամ կրոնական պատկանելիության վրա հիմնված վատ վերաբերմունքի եւ խտրականության մասին:

Ուսումնասիրելով 2007 թվականի հուլիսից մինչեւ 2008 թվականի հունիսը ընկած ժամանակահատվածը` Պետդեպարտամենտը, մասնավորապես, «Կրոնի ազատության սահմանափակումները» բաժնում փաստել է. - «2008 թվականի մայիս եւ հունիս ամիսներին իշխանամետ «Հայոց Աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերը հակասեմիտական մեղադրանքներ են հրապարակել նախկին նախագահ, ներկայիս ընդդիմության առաջնորդ Lեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Տեղական դիտորդները հրահրիչ այդ հրապարակումները դիտարկում են որպես ընդդիմության առաջնորդին երկրի դավաճան ներկայացնելու եւ սեւացնելու փորձ»:

Զեկույցը ընդգծում է, որ նույնաբովանդակ հաղորդումներ է հեռարձակել նաեւ Հանրային հեռուստատեսությունը, եւ նշում է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները հրապարակավ քննադատել են ու հորդորել կառավարությանը Հ1-ի եթերում անհապաղ դադարեցնել հակասեմիտական հարձակումները Lեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա` ազգությամբ հրեա կնոջ նկատմամբ:

Հղում անելով որոշ դիտորդների` ուսումնասիրությունը փաստում է, որ Հայաստանում բնակչության մեծ մասը բացասական վերաբերմունք ունի կրոնական փոքրամասնությունների, հատկապես «Եհովայի վկաների» նկատմամբ, քանի որ վերջիններս հրաժարվում են ծառայել բանակում: «Բացի այդ, կա համատարած, սակայն չհիմնավորված համոզմունք, որ «Եհովայի վկաները» հոգեորսությամբ են զբաղվում հատկապես ընչազուրկների շրջանում», - ասված է զեկույցում:

«Եհովայի վկաները», իրենց հերթին, շարունակում են բողոքել, որ դատավորները այլընտրանքային զինծառայությունից խուսափելու համար սահմանում են օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը. ըստ ուսումնասիրության` 2007-ի հուլիսից մինչեւ 2008-ի հունիսը այլընտրանքային զինծառայությունից խուսափելու համար դատապարտվել է 36 «Եհովայի վկա», որոնցից 19-ը ստացել է 30 ամսվա, 3-ը` 36 ամսվա ազատազրկում, ինչը օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է:

Կրոնի ազատության մասին 1998 թվականի օրենքի համաձայն` ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ամեն տարի ներկայացնում է զեկույց աշխարհի երկրներում կրոնի հանդեպ վերաբերմունքի, տարբեր դավանանքների պատկանող համայնքների միջեւ հաստատված հարաբերությունների եւ կրոնական հանդուրժողականության մասին: Այս տարվա զեկույցում ընդգրկված են 2007 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2008 թվականի հունիսի 30-ը արձանագրված զարգացումները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG