Մատչելիության հղումներ

Օլի Ռեն. «Վրաստանյան ճգնաժամը մեծացրեց Թուրքիայի կարեւորությունը»


Վրաստանյան ճգնաժամը մեծացրեց Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը ինչպես Կովկասում, այնպես էլ Եվրամիության համար: Այդ մասին երեկ հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` Ռենը ասել է, թե Թուրքիան «ներգրավված է շատ ակտիվ եւ ակնհայտորեն հաջող դիվանագիտական գործունեության մեջ» իր հարեւան տարածաշրջանում, ինչպես նաեւ օգնում է Եվրամիության եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ միջնորդական ջանքեր է գործադրում Ստամբուլում ընթացող իսրայելա - պաղեստինյան բանակցություններում:

Ռենի խոսքերով` Թուրքիան «շատ կարեւոր նախաձեռնությամբ» է հանդես եկել` ուղղված Կովկասում կայունության ամրապնդմանը:

«Կովկասում խնդիրը այժմ այն է, որ այնտեղ կան շատ երկրներ, որոնք չեն կարող ներգրավվել երկկողմ բանակցություններում. Ռուսաստանը եւ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, իսկ դեռ բոլորովին վերջերս` Թուրքիան եւ Հայաստանը», - ընդգծել է Եվրամիության հանձնակատարը` հավելելով. - «Թուրքիան շատ ակտիվ է [տարածաշրջանային բանակցություններում], եւ Եվրամիությունը սատարում է նրան»:

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երեւան կատարած այցը, ըստ Օլի Ռենի, նշանավորում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման սկիզբը: Նա «նշանակալի» է որակել այդ այցի քաղաքական իմաստը:

«Թուրքիան մնում է շատ կարեւոր կամուրջ Եվրոպայի եւ իսլամական աշխարհի միջեւ», - ասել է Եվրամիության հանձնակատարը: - «Այլ խոսքով` այն ամենը, ինչ պատահեց վերջին շաբաթներին, միայն ուժեղացրեց Թուրքիայի ռազմավարական կարեւորությունը Եվրամիության տեսանկյունից»:

Միաժամանակ, Ռենը չի մանրամասնել, թե արդյո՞ք կամ ե՞րբ է հնարավոր Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG