Մատչելիության հղումներ

Լոնդոնում հանդիպել են Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները


Այսօր Լոնդոնում հանդիպել են Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Դեյվիդ Միլիբենդը եւ Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նախարարները քննարկել են տարածաշրջանի հիմնախնդիրները, Մամեդյարովը կարեւորել է Կովկասի անվտանգության եւ կայունության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը:

Նախարարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մամեդյարովը Միլիբենդին ասել է, որ կարգավորման հիմքում պետք է դրվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:

Միլիբենդը, իր հերթին, արծարծել է էներգետիկայի հարցերը եւ այդ բնագավառում Եվրամիության գործունեությունը: Նա բարձր է գնահատել տարածաշրջանում Ադրբեջանի դերը եւ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին՝ բրիտանական ընկերություններին գործունեության բարենպաստ պայմաններ տրամադրելու համար:

APA-ն նշում է, որ Մամեդյարովը երկօրյա այցով է մեկնել Լոնդոն: Այնտեղ նա ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում, որտեղ նույնպես խոսել է Ղարաբաղի մասին:

Անդրադառնալով տնտեսական հարցերին, Մամեդյարովը վկայակոչել է Համաշխարհային բանկի վերջին զեկույցում տեղ գտած գնահատականը, համաձայն որի` Ադրբեջանը աշխարհի առաջատար երկիրն է բիզնեսի օրենսդրական դաշտի բարեփոխումների հարցում:

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Խազար Իբրահիմն ասել է, որ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում Էլմար Մամեդյարովի ելույթն ունկնդրել են Լոնդոնում հավատարմագրված մի շարք օտարերկրացի դիվանագետներ, վերլուծական կենտրոնների աշխատակիցներ եւ լրագրողներ:

Մամեդյարովը Լոնդոնում հանդիպել է նաեւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին:

Լոնդոն մեկնելուց առաջ Մամեդյարովն այս շաբաթ այցելել է Բրյուսել, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին: Լոնդոնից նա կմեկնի Նյու Յորք, որտեղ սեպտեմբերի 20-29-ը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի նիստին: Ըստ APA լրատվական գործակալության, Մամեդյարովը ելույթ կունենա սեպտեմբերի 29-ին:

Միջազգային լրատվական գործակալությունները նշում են, որ Նյու 3որքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում պետք է տեղի ունենա Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի եւ Ալի Բաբաջանի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում նախատեսվում է ստորագրել բարի կամքի մասին հռչակագիր:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG