Մատչելիության հղումներ

Պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ` ՀԱՕԿ-ի նախագահին, Օլիմպիադայի մրցանակակիրներին եւ մարզիչներին


Հայաստանի անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ են շնորհվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, Պեկինի 29-րդ Օլիմպիական խաղերի մրցանակակիր հայաստանցի մարզիկներին եւ նրանց մարզիչներին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով` «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»:

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են արժանացել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը, ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը` «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում նշանակալի ներդրումների, ինչպես նաեւ 2008 թվականի Պեկինի 29-րդ Օլիմպիական խաղերին մասնակից հայ մարզիկների ֆիզիկական բարձր պատրաստվածության ապահովման գործում ծանրակշիռ ավանդի համար»:

Պեկինի Օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած հայաստանցի վեց մարզիկները` հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Ռոման Ամոյանը եւ Յուրի Պատրիկեեւը, ծանրամարտիկներ Գեւորգ Դավթյանը, Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG